շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճգնաժամային իրավիճակներում պարգևավճարը կարող է սահմանափակվել. ֆինանսների նախարար

Ճգնաժամային իրավիճակներում պարգևավճարը կարող է սահմանափակվել. ֆինանսների նախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադառնալով 2018 թվականի աշնանը կառավարության ազդարարած պետական բյուջետային աշխատողների աշխատավարձերի 30 %-ով բարձրացնելու մասին հարցին, դիմեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին. «30 %-ը, որը վճարվում էր որպես հավելավճար, անընդհատ բարձրացվում է այս խնդիրը, ներկայումս էլ քաղաքական շահարկման առարկա է դառնում: Պետք է խնդրեմ արձանագրեք, այդ ֆոնդը 2021 թվականին ամբողջությամբ սպառվել է թե ոչ, և քանի որ արդեն ձևավորվում է 2023 թվականի բյուջեի ձևավորման գործընթացը, ինչու չի կարելի այդ գումարն ուղղակի ներառել հենց աշխատավարձի մեջ»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով այդ 30 % հավելումը կամ պարգևավճարն ունի երկու բաղկացուցիչ. «Այդ բաղադրիչներից մեկը 10% չափն է, որը քաղաքացիական ծառայողների համար նախատեսված օրենքով սահմանված պարգևավճարի բաժինն է և մյուս 20%-ը այն պարգևավճարն է, որ լրացուցիչ սահմանվել է նույն պետական կառավարման համակարգի կառույցների աշխատակիցների համար: Երբ մենք երկարաժամկետ առումով բարձրացումներ ենք սահմանում պետք է  հաշվի առնենք, որ լավ ժամանակներում այդ պարգևավճարները կարող են տրվել, իսկ եթե գործ ունենանք ճգնաժամային իրավիճակների հետ, ապա կարելի է հաշվի առնել, որ դրանք պարգևավճարներ են և դժվար ժամանակներում մեկնաբանելի է, թե ինչու կարելի է ժամանակավորապես սահմանափակել դրանց վճարումը: Բայց ոչ պակաս կարևոր է երկրորդ պատճառը, երբ մենք դա նկարագրում ենք որպես պարգևավճարային միջոց»:

Խաչատրյանի խոսքով՝ մենք երկու տարի շարունակ բարձր գնաճային ֆոն ենք ունեցել. «Այս փաստը առաջացնում է որոշակի պահանջ ոչ միայն պետական համակարգում, այլև մասնավոր հատվածում էլ, եթե գներն ընդհանուր առմամբ աճում են, ապա պետք է աշխատանքի վարձատրությունն էլ որոշակի ճշգրտումների ենթարկվի, ինչքան որոշակի, որքան դա հնարավոր է, որովհետև մեր հնարավորություններն են սահմանափակ: Եթե մենք վեցնենք պարգևավճարը, որ սահմանված է 20%-ի չափով պարգևավճար, վաղն անվանենք աշխատավարձ, ապա շատ բան չի փոխվի, կփոխվի այն, որ մենք երեկ անվանում էինք պարգևավճար, այսօր կանվանենք աշխատավարձ»:Ըստ նախարարի՝ պարգևավճարի համակարգը հնարավորություն է տալիս խրախուսել արդյունավետ աշխատանքը։ Տիգրան Խաչատրյանի պարզաբանմամբ` վճարվող գումարի անունը փոխելն այդ գումարը ստացողի կյանքում ոչինչ չի փոխի, բայց կարող է վնասել աշխատանքի արդյունավետությանը։

 

  • Կիսվել: