շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո վարկ կտա. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո վարկ կտա. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը

Կառավարությունն իր այսօրվա նիտում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրին:

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո կհատկացնի:

Ներկայացնելով նախագիծը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «շուրջ 60 կմ-անոց Սիսիան-Քաջարն հատվածում նախատեսված է 4,7 կմ երկարությամբ 27 համուրջներ կառուցել, 12 կմ երկարությամբ 9 թունելներ կառուցել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը՝ 8,6 կմ: Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1-1,5 ժամով կկրճատի ժամանակահատվածը: Բացի այդ, արագությունը 50 կմ/ժամից կդառնա 100 կմ/ժամ:

Այս ճանապարհը կառուցելուց առաջին անգամ ՀՀ-ում կկիրառենք կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ  երեք ենթահատվածների՝ 27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային հատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի հատված եւ , 24.25 կմ երկարությամբ Հարավային հատված:

Սանոսյանը շարունակեց. «Ծրագրի շրջանակներում արդեն ամիսներ առաջ նման որոշում կայացրել ենք, հավանություն տվել ենք, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 236 մլն եվրոյի համաձայնագիրը կնքվել է, և հիմա ԱԺ-ում է: Սա երկրորդն է մյուս գործընկերոջ հետ՝ Եվրոպական ներդրումային բանկի. նորից 236 դոլարի մասին է խոսքը: 

Նաև ունենք երրորդ գործընկերը՝ Ասիական զարգացման բանկը, որի հետ [գործընթացն] ընթացքի մեջ է, և առաջիկա ամիսներին նույն պրոցեսով կանցնենք: Ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ Կառավարության մասնաբաժինը՝ 150 մլն եվրո»,- ասաց նախարարը:

Ըստ Սանոսյանի՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել մինչև 2031թ․, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը կլինի 2033 թվականին։

Անդրադառնալով նաև դրամաշնորհի տրամադրմանը՝ Սանոսյանը տեղեկացրեց. «Արդեն եղել են որոշ նախնական քննարկումներ»։

Նշենք, որ պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները ներառում են՝

ասֆալտբետոնե պատվածքով 11.1 մ լայնությամբ (այդ թվում նաև ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում,

8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատների, 71 հենապատերի կառուցում,

անվտանգ  երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում: 

Համաձայն ԱԶԲ և ՎԶԵԲ կողմից ներկայացված նախնական գնումների պլանների՝ Հյուսիսային ենթահատվածի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 335,0 մլն. եվրո, իսկ Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 373,0 մլն. եվրո:

  • Կիսվել: