երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սեպուհ-1-SsangYong․ հարավկորեական բրենդի ավտոմեքենաները հավաքվում են Հայաստանում

Սեպուհ-1-SsangYong․ հարավկորեական բրենդի ավտոմեքենաները հավաքվում են Հայաստանում

«Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:   

«Սեպուհ-1» ընկերությունն արտադրում է SsangYong հարավկորեական բրենդի ավտոմեքենաներ: Մեքենաների արտադրությունը ենթադրում է խոշոր հանգուցային մասերի ներկրման արդյունքում հավաքված ավտոմեքենաներ: Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ երկրներում: Մեզ հայտնի շատ կազմակերպություններ նույնպես այդ մոտեցման հիման վրա կազմակերպում են իրենց արտադրությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ  տնօրեն Ալբերտ Բաբայանը: 

Նախորդ տարվա սեպտեմբերին «Սեպուհ-1»-ը սերտիֆիկացրել է 4 մեքենա, 2023-ի փետրվարին՝ ևս 4-ը: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է: Ի դեպ, «Սեպուհ-1»-ը կազմակերպության ֆիրմային անվանումն է, մեքենաները հարավկորեական SsangYong ընկերության ավտոմեքենաներն են: 

Պետության հետ «Սեպուհ-1»-ի սեփականատիրոջ հետ առաջին խոսակցությունները սկսվել են դեռևս 2019 թվականից: 

«Ներդրողը 2020-ի ավարտին դիմել է Էկոնոմիկայի նախարարին՝ խնդրանքով, որ հնարավոր լինի օժանդակել, որպեսզի առանց օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորված մեքենաները ստանան սերտիֆիկատներ: 2021-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառվել է կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որով առաջարկվում էր եզակի օրինակով արտադրվող տրանսպորտային միջոցը սերտիֆիկացնել առանց այդ համակարգի առկայության: 2022թ կառավարության օժանդակությամբ, ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ այդ հնարավորությունն ընձեռվեց՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված, ներմուծված ավտոմեքենաների համար»,-ասաց Բաբայանը:

Համապատասխանության գնահատման փաստաթղթեր, սերտֆիկատներ և պետական համարանիշեր ստացած այս մեքենաները նախատեսված են բացառապես Հայաստանի շուկայում վաճառքի համար, քանի որ ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ այդ արտոնությունը տրամադրվել է միայն տվյալ երկրի տարածքում օգտագործելու, վաճառելու համար: Արտոնությունը տրամադրված է մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը: Ընկերությունը, սակայն, արտահանման պլաններ ևս ունի: 

«Հետևաբար ընկերությունն ունի այն համոզմունքը, որ պետք է կարողանա իր արտադրական ծավալներն այն մակարդակին հասցնի, գործընթացն այնպես կազմակերպի, որ այդ համակարգերով համալրված լինի, որ կարողանա արտահանում կատարի այլ շուկաներ ևս»,-ասաց Ալբերտ Բաբայանը: 

Պետական համարանիշներ ստանալուն պես Հայաստանում հավաքված այս բոլոր ավտոմեքենաները պատրաստ կլինեն շահագործման: 

  • Կիսվել: