երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա. Անանյան

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա. Անանյան

Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե բոլոր մատակարարները ապրանքը 15 տոկոսով ավելի էժան են մատակարարում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են բոլոր խոշոր գործարարների մոտ: «Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել, չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք, որ օրենսդրությունը ավելի լավ դիզայն անենք եւ հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն»»,-ասաց նա։

Անդրադառնալով ՀԴՄ-ներին՝ Դավիթ Անանյանը նշեց, որ Հայաստանում դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ տպվել է 32 տոկոսով ավելի շատ՝ 10.5 մլն ՀԴՄ կտրոն: Նրա խոսքով՝ այս առումով էական աշխուժություն է նկատվել մարզերում:

ՊԵԿ նախագահը ասաց նաև, որ դեկտեմբերի 28-հունվարի 6-ը եղել է 51 մլրդ դրամի կամ 22 տոկոսով ավելի շրջանառություն՝ նախորդ տարվա 42-ի փոխարեն: Ըստ նրա՝ Երևանում այդ ցուցանիշները պակաս են ընդհանուրից: «22 տոկոս ընդհանուր շրջանառության մեջ Երևանի տոկոսը 15 է, դրա փոխարեն Սյունիքում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով: Գյումրիում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 99 տոկոսով, շրջանառությունը՝ մոտ 70 տոկոսով: Սա մեզ պետք էր, որպեսզի մենք նաև հասկանանք, որ ամանորյա տոնակատարության ժամանակ ոչ միայն աշխուժություն է եղել, այլ նաև հարկային կարգապահության առումով շրջաններում ավելի լավ իրավիճակ է եղել»,-ընդգծեց նա։

  • Կիսվել: