«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես շահ. Փորձում են կոպեկներով գնել մեր տները». Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ փետրվարի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ժողովրդի մեծ մասը պայմանագրեր կնքել են, սոցիալական, առողջական խնդիրներ են ունեցել: Հիմա մնացել է 1200 քկ տարածք ու գնալով գերակա շահի տարածքն ավելի են մեծացնում: Վերջերս Խանջյան 7 հասցեն են գերակա շահի տակ վերցրել: Հայտարարություն են տվել, որ քմ-ն վաճառվում է 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ դեռ չեն ստացել:
Ես ուզեցա իմ սեփական բնակավայրում դարպաս դնել, երկրորդ օրը եկան հանեցին՝ դու իրավունք չունես, գերակա շահի տակ է, թույլ չենք տալիս: Ես փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել, 840 քմ հողատարածքի վրա կա 450 քմ սեփական շինություն, նաեւ 360 քմ ապօրինի շինություն, որի համար եւս գույքահարկ ենք վճարում: Այդ ամենի համար գումարը նշել են 408 մլն դրամ: