Ձկնորսները բացեցին Սևան-Երևան մայրուղին
Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առանց ավելորդ բորբոքվածության, հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին իրենք բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում են, կձևակերպեն թղթի վրա և կփոխանցեն Շրջակա միջավայրի նախարությանը և պատասխանատուները կփորձեն պատասխանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների բողոքի ակցիային և Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն:
Նշենք, որ մարզպետի հետ ունեցած երկխոսությունից հետո նրանք բացեցին ճանապարհը՝ պայմանով, որ գրավոր կներկայացնեն իրենց խնդիրները Շրջակա միջավայրի նախարարությանը եւ պատասխան կստանան:
Սա մի ամբողջ մարզի հարց է։ Այս մասին, անդրադառնալով ձկնորսության սահմանափակումներին, լրագողների հետ զրույցում ասաց ձկնորս Վախթանգ Ստեփանյանը: Նա նշեց, որ Սևանում ձկնորսության նոր սահմանափակումները զբաղվածության լուրջ խնդիր են առաջացնելու Գեղարքունիքի մարզում։
Ձկնորսի խոսքով՝ իրենց մարզում հող չկա, որ արարատցիների նման ձմերուկ ու ծիրան ցանեն, ոչ մի բան չունեն։ ՛՛Եթե ձեռք չի տալիս, թող էս ջուրը տանեն էնտեղ, մեզ էլ դաշտավայր անենք, ձմերուկ ցանենք, հանենք, ծախենք՛՛,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձկնորսները երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին, քանի որ տուգանվել էին, եւ նրանց ձկնորսական ցանցերն առգրավվել էին։ Սակայն մարզպետի հետ ունեցած երկխոսությունից հետո նրանք բացեցին ճանապարհը՝ պայմանով, որ գրավոր կներկայացնեն իրենց խնդիրները Շրջակա միջավայրի նախարարությանը եւ պատասխան կստանան:
Խոսելով պայմանների մասին՝ ձկնորսն ասաց. ՛՛Մեր պայմանն այն է, որ եթե ես ու ընկերս լիճ ենք մտնում, ամսական պետությանը իքս գումար մուծենք, ոչ թե Ազգային պարկին կամ Ոստիկանությանը։ Եթե չմուծեմ, թող գան ասեն՝ ինչու՞ չես մուծել, վեր կաց, գնա լճից՛՛:
Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 19-ին, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ սիգի համար մինչև 200 տոննա թույլատրելի քանակից շուրջ 150-ն արդեն բաշխվել է տնտեսվարողների միջեւ։