կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
S&P-ն բարելավել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը

S&P-ն բարելավել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը

Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միաժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:

Համաձայն S&P գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով եւ տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի եւ տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց եւ կապիտալի էական ներհոսքը:

ՀՀ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը եւ մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական եւ ֆինանսական կայունությունը:

Գործակալության գնահատմամբ՝ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին եւ ֆինանսական կայունությանն առչնվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարեւորությունը:

Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաեւ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեւորմամբ: Ընդ որում, գործակալության գնահատմամբ, առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն եւ կառավարելի մակարդակում:

Գործակալությունն առանձնացրել է նաեւ Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը:

  • Կիսվել: