կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը՝ երկաթուղու վերագործարկման մասին

Ռոբերտ Քոչարյանը՝ երկաթուղու վերագործարկման մասին

Հայաստանի տնտեսական զարգացումը տարանցիկության գործոնի հետ կապելը կատարյալ հիմարություն է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Բրյուսելյան հանդիպումից հետո երկաթուղու վերագործարկման հայատարությանը, որի արդյունքում Հայաստանը հասանելիություն կստանա դեպի Ռուսաստան եւ Իրան։

«Նայեք քարտեզին։ Հայաստանն այնքան փոքր է։ Պետք չէ հույս դնել, որ Հայաստանը տարանցիկ մեծ պոտեցիալ ունի։ Եվ պետք չէ Հայաստանի տնտեսական զարգացումը կապել տարանցիկության գործոնի հետ, դա կլինի կատարյալ հիմարություն։ Շատ փոքր է մեր երկիրը, շրջանցելն է հեշտ, լեռնային երկիր է, եւ ավելի հարթավայրային ճանապարհներ կառուցելու հնարավորությունը միշտ էլ կա։ Նախիջեւանից մինչեւ Իգդիր 84 կմ է։ Իրենք արդեն հայտարարել են, որ այդ երկաթուղին կառուցելու են, մոտավորապես երկու տարվա շինարարություն է պետք։ Սա նշանակում է, որ մենք տարանցիկության համար ունենալու ենք միայն 45 կմ Մեղրիով, եւ վերջ։ Դրա համար ի՞նչ փող ես ստանալու դու, ոչ մի բան չեն ստանալու։ Պարզ բան է՝ նայեք քարտեզին եւ եկեք եզրակացության։ Այդ ճանապարհը կարող է հետաքրքիր լինել Թուրքիա-Ռուսաստան երկաթուղային կապի համար, բայց իրենք այդ կապն ունեն։ Այդ երկաթուղին հանձնվել է շահագործման 2017 թվականին։ Ձեր կարծիքով՝ իր հզորությունների ի՞նչ տոկոսով է շահագործվում, մոտ 10 տոկոսով։ Սա նշանակում է, որ առեւտրի կառուցվածքը դեռ այնպիսինը չէ։ Շրջանցող ճանապարհն արդեն կառուցված է»,- նշեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն եւս մեկ հարց պարզաբանեց․ կարո՞ղ է Իրանը Ռուսաստանի հետ կապելը մեծ ծավալի բեռնափոխադրումների հնարավորություն տալ։

«Ադրբեջանական երկաթուղային ցանցը մեծ ծրագրի շրջանակում միացվում է Իրանի երկաթուղային ցանցին եւ միացվում է Աստարայով։ Մեր մոտ մարդիկ չեն հետեւում սրան։ 2018 թվականին են միացել, Ալիեւը բացմանն է մասնակցել։ Իրանական կողմում այդ երկաթուղու ամբողջ կողմն ադրբեջանցիներին 25 տարվա վարձակալության է հանձնված՝ իր ամբողջ ենթակառուցվածքներով։ Կազվին-Ռեշտ կտորը հանձնվել է 2019 թվականին, Իրանի նախագահը բացմանն է մասնակցել։  Մնացել է մի փոքր կտոր՝ Ռեշտ-Էնզելի, եւ այդ փոքր կտորը հանձնում են մյուս տարի։ Այդ ամբողջացած ճանապարհը միանալու է Սեւ ծովին, ինչի հնարավորությունն ունի նաեւ Թուրքիան։ Եվ դա մեծ ծրագրի՝ Հնդկաստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային մեծ միջանցքի մաս է կազմում։ Պատկերացրեք՝ ինչ գումարներ են ծախսվել։ Միայն Կազմին-Ռեշտ կտորը 1,5 միլիարդ դոլար արժեցավ։ Արդեն մեզ շրջանցել են, դա փաստ է։ Մենք առավելագույնը ստանալու ենք մոտ 40 կմ տրանզիտի ինչ-որ գումար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս պարագայում պետք է հասկանալ, թե ինչ ես շահում եւ ինչ կորցնում։

«Բալանսավորիր, եթե միակ շահածդ բանը սա է, ինչո՞ւ ես գնում։ Այս ամենը հաշվարկի ենթարկվող բան է։ Սա լավ տեղ չի տանում։ Ամեն մի բանակցությունը ենթադրում է, որ դու համակարգիչդ վերցնում ես եւ տպում ես՝ քայլ 1․ սա մենք անում են՝ ի՞նչ ենք ստանում, ի՞նչ եք կորցնում, հետո սկսում ես բալասավորել, թե այդ քայլերի շրջանակում դու ինչ ես շահում, ինչ ես կորցնում։ Ավելի լայն շրջանակներում քննարկում ես, եթե շատ շահավետ է նաեւ ժողովրդին հասանելի ես դարձնում այդ ամենը, ոչ թե մերկապարանոց, դատարկ, անբովանդակալից խոսակցություններ։ Այս մարդիկ հաշվել չգիտեն, այս մարդկանց համար արհեստավարժությունը համար մեկ թշնամին է։ Հայրենասեր եւ արհեստավարժ մարդիկ այս իշխանության թշնամին են։ Նման մարդկանց են ման գալիս՝ ճնշեն, աշխատանքից ազատեն, կալանավորեն»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: