հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսության տարբեր ոլորտների առնչվող հարցեր

Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսության տարբեր ոլորտների առնչվող հարցեր

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մասին Քերոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները և միաժամանակ ընդգծել, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը մեզ համար շատ կարևոր են։

Այնուհետև հյուրերի հետ քննարկել ենք ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին վերաբերող ներդրումային ծրագրերի նախագծերը։

Ներկայացրել եմ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր գործընկերների մոտ։

Խոսել ենք նաև արևային էներգիայի և կանաչ ջրածնի արտադրության մասին։ Հյուրերին տեղեկացրել եմ, որ մենք կանաչ ջրածնի ուսումնասիրման փուլում ենք, շուտով կունենանք առաջին արդյունքները»,-նշել է նա:

  • Կիսվել: