հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Պետք է կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար․ Վարչապետը՝ պատերազմի հետևանքով կրած վնասների մասին

Պետք է կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար․ Վարչապետը՝ պատերազմի հետևանքով կրած վնասների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ТАСС» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում անդրադարձ է եղել նաև պատերազմի շրջանում Հայաստանի տնտեսությանը հասցված վնասին:

Պատասխանելով  ՏԱՍՍ-ի հարցին, թե  ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը, կան արդյոք գնահատակկներ, վարչապետն ասել է

«Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

Լրագրողի այն դիտարկմանը, թե համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար, վարչապետն ասել է․

«Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը»։

 

  • Կիսվել: