չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում ՀՀ ներմուծված և արտահանվող առանձին կատեգորիայի ապրանքների համար

Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում ՀՀ ներմուծված և արտահանվող առանձին կատեգորիայի ապրանքների համար

Մաքսային մարմինների կողմից ենթաակցիզային ապրանքների զննման եւ հաշվառման համար առաջարկվում է սահմանել պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում: Դա վերաբերելու է այն ապրանքատեսակներին, որոնք ներմուծվել են Հայաստան, ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ եւ արտահանվում են ՀՀ տարածքից: Գործող դրույքաչափը մեկ տոննայի համար 1000 դրամ է, յուրաքանչյուր լրացուցիչ տոննայի համար եւս երեք հարյուրական դրամ: Առաջարկվում է բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը` սահմանելով մեկ տոննայի զննման համար բազային տուրքի տասնապատիկի չափով` 10.000 դրամ եւ յուրաքանչյուր տոննայի համար` եւս հազար դրամ:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս վերոնշյալ կարգավորումները մանրամասնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փորձել է հասկանալ դրույքաչափի բարձրացման պատճառներն ու նպատակները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ի պատասխան` նշել է, որ անցած տարի կատարված օրենսդրական փոփոխությամբ լրացուցիչ հնարավորություն է տրվել արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար: Եթե վերջիններս ներմուծում են ենթաակցիզային ապրանքներ, որոնց համար ակցիզային հարկ է վճարվում, հետո որոշում են այդ ապրանքներն արտահանել, ապա վճարված ակցիզային հարկի մի մասը Կառավարությունը վերադարձնում է, քանի որ դրանք ներքին շուկայում չեն սպառվել: Պայմանավորվածության համաձայն` ակցիզային հարկը վերադարձվելու էր 50-70 տոկոսի շրջանակում, քանի որ մաքսային մարմինը ռեսուրս է ծախսում եւ որակի վերահսկողություն է կատարում:

Բաբկեն Թունյանը նշել է, որ հետագայում Կառավարությունը հօգուտ տնտեսվարողների որոշել է այդ հարկն ամբողջությամբ վերադարձնել տնտեսվարողներին:

«Այս նախաձեռնությամբ Պետական եկամուտների կոմիտեն մի կողմից վերանայում է տարիներ շարունակ գործող դրույքաչափը, որը գնաճի ու մնացածի պատճառով երկար ժամանակ չէր ինդեքսավորվել, մյուս կողմից էլ փորձում է փոխհատուցել այն կորուստը, որը կարող էր լինել: Մենք մի օրենսդրական փոփոխությամբ լրացուցիչ 10 միավորի հնարավորություն ենք տվել տնտեսվարողին, հիմա հարաբերական մեկ միավորի չափով ՊԵԿ-ին հնարավորություն ենք տալիս իր գործունեությունը ծավալելու»,- պարզաբանել է հանձնաժողովի փոխնախագահը:

  • Կիսվել: