Պետական գույքի կառավարման կոմիտեն «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից ՀՀ դեմ Միջազգային Արբիտրաժային դատարան դիմելու վերաբերյալ դիմում չի ստացել
Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչ այս պահը որևէ դիմում «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության կողմից ՀՀ դեմ Միջազգային Արբիտրաժային դատարան դիմելու վերաբերյալ չի ստացել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի խոսնակ Արաքս Առաքելյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ «Էյր Արաբիա»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դեմ դիմել է Արբիտրաժային դատարան։
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ ԱՆԻՖ-ը անցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ։
Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարբերական կապի մեջ է «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ և որևէ նման տեղեկություն ավիաընկերության ղեկավարության կողմից Կոմիտեի ղեկավարությանը չի հայտնվել։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել:
Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է: Հիշեցնենք, որ հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, իսկ 49%-ը՝ արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը, իսկ 2 %-ը պատկանում է լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում: Ավելի ուշ քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու փաստերով: 2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը և կորպորատիվ կառավարմանը: 2024թ. մայիսի 23-ի կառավարության նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ- 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնվեց Պետգույքի կառավարման կոմիտեին՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացնելու նպատակով: