ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը լրագրողին առաջարկեց 300 հազար դոլարով գնել Սուրեն Պապիկյանի տունը եւ փորձել ավելի թանկ վաճառել

Փաշինյանը լրագրողին առաջարկեց 300 հազար դոլարով գնել Սուրեն Պապիկյանի տունը եւ փորձել ավելի թանկ վաճառել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնի, եւ բոլորդ հնարավորություն կունենաք դա դիտարկելու եւ քննարկելու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ կասկածելի առքուվաճառքով ձեռք բերած բնակարանի մասին հարցին:

Նիկոլ Փաշինյանը լրագրողին առաջարկեց, որպեսզի ինքը գնի Պապիկյանի տունը 300 հազար դոլարով եւ հետո փորձի 400 հազար դոլարով վաճառել այն։

«Ինչպես դուք պնդում եք եւ եթե դուք վաճառեք. մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում, դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք: Եթե այդ գործարքն առաջարկեք բանկին, ապա բանկը պիտի երջանիկ լինի, որովհետեւ ինքն էլ իր շահույթի մասն ունի: Բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ ՀԿ-ներին, լրագրողներին՝ գնալ այս ճանապարհով: Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով այդ տունը վաճառի ձեզ, եւ հետո կհետեւենք, դուք 400 հազար դոլարով վաճառեցի՞ք, թե՞ ոչ: Ես 1 տարի է՝ ուզում եմ կինոհայրենիքի տունս վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, բայց չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել: 2018-ից մինչեւ այսօր 25 հազար մարդ օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, նորակառույց տանը 3-4 սենյականոց բնակարան է գնել, ներկաների մեջ կա՞ն մարդիկ, որոնք տուն են ձեռք բերել 2018-ից հետո, դուք կոռուպցիայով եք զբաղվո՞ւմ»,– ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին։

Լրագրողի այն դիտարկմանը, որ գուցե Փաշինյանն իրավապահներին առաջարկի զբաղվել լրատվամիջոցների հրապարակումներով, Փաշինյանն արձագանքեց. «Իրավապահներին հրահանգելու կարիք չկա, բայց եթե դա ձեզ պետք է, ապա ես ուղիղ հրահանգում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները»:

Լրագրողը որպես հավելում, նշեց, որ այդ շենքը կառուցել է Աշոտ Արսենյանը, որի որդին բանակում չծառայելու համար քրեական հետապնդման էր ենթարկվում, հետո այն դադարեցվեց եւ ՔՊ աջակցությամբ, նաեւ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա նշանակվեց Ջերմուկ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դարձավ Ջերմուկ համայնքի ղեկավար:

Փաշինյանն էլ արձագանքեց այսպես. «Եվ ձեր ասածն ի՞նչ էր փոխում մեր խոսակցության մեջ»:

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Պապիկյանի բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է (հիփոթեքային վարկով վարկավորել է) Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ Նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքն ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։ «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։ Պապիկյանն այդ բնակարանը գնել է շուրջ 100 միլիոն դրամ ավելի էժան։ Ըստ լրատվամիջոցի՝ 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։

Մեկ այլ լրագրող Փաշինյանին ասաց, որ նույն թաղամասում, որը պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատիրոջը, եւ բավականին թանկ թաղամաս է, բնակարան են ձեռք բերել նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. «Երբ նախկինում այսպիսի դրսեւորումներ էին լինում, դուք երբ պատգամավոր էիք, Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասին ասում էիք՝ լոլիկ աճեցնելով ինչպե՞ս կարող էր այդքան մեծ գումարներ աշխատել: Արդյո՞ք դուք կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնում»:

Փաշինյանը պատասխանեց, որ բնության մեջ ընդհանրապես կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն ամեն քայլափոխի. «Կոռուպցիոն ռիսկեր նույնիսկ կարող է այս ստենդի մեջ կա»:

Նրա խոսքով՝ եթե միայն նշված 4 պաշտոնյաները գնեին բնակարաններ, ապա այդտեղ խնդիր կլիներ, սակայն 2018-ից հետո Հայաստանում բնակարաններ են ձեռք բերել 25 հազար մարդ:

«Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 2 միլիոն դոլար: Երբ մեր գործընկերներից մեկը 2 միլիոն դոլար կհայտարարագրի, այն ժամանակ կխոսենք: Որտե՞ղ է այդ հակակոռուպցիոն շենքը, գնանք այդտեղից ձեռք բերենք բնակարան: Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառի: Այդտեղ հարյուրավոր բնակարաններ են կառուցվում, մեկ շենքում գոնե մի 50 բնակարան կլինի՞: Ես ողջունում եմ, շարունակեք մանրադիտակով հետեւել, բայց ասում եմ, որ դրա համար կան բոլոր մեխանիզմները»:

  • Կիսվել: