երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պապիկյանը տուն ունի էն շենքում, որը խախտումներով է կառուցվում. Համակարգային կոռուպցիայի մասին է խոսքը. Հայկ Գրիգորյան

Պապիկյանը տուն ունի էն շենքում, որը խախտումներով է կառուցվում. Համակարգային կոռուպցիայի մասին է խոսքը. Հայկ Գրիգորյան

Արշակունյաց պողոտայի վրա «Ջերմուկի գրուպի» կողմից իրականացվող շինարարությունը դասական օրինակ է, թե ոնց շինարարությունը չպետք է իրականացվի և այդտեղ քաղաքապետարանը բազում անելիքներ ունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Սկսած նրանից, որ շինթույլտվությունները ու ԱՊԶ-ները տալիս են շինարարությունը կիսաավարտելուց արդեն հետո: Ո՞նց է դա իրականացվում, ինչպիսի մեխանիզմ է գործում: Այդտեղ ես հասկանում եմ, որ իրավական բաց կա, բայց մարդիկ շինարարություն են անում, արդեն համարյա երրորդ հարկն են հասնում և պարզվում է, որ շինթույլտվությունը նոյեմբերին նոր տրվել է, մինչդեռ մայիսից իրենք արդեն շինարարություն էին անում։

Կան շեղումներ պլանից, բալկոնները ավելացնելու հաշվին մակերես է փոխվում, այսինքն լիքը բացեր կան, որով կառուցապատողը կարողանում է թե շրջանցի օրենքով նախատեսված քառակուսի մետրի պահանջները, թե կառուցապատման մակերեսի պահանջները։

Նույնը վերաբերվում է լուսավորությանը, այսինքն այնտեղ կան բնակելի սեփական տներ, որոնց տեսարանն է փակվում, լույսը, արևը։ Այս բոլոր խախտումների համար բնակիչները դիմում են տարբեր իրավապահ մարմինների, բայց, ոնց հասկանում եմ, այս ամեն ինչը ավելի լուրջ, նույնիսկ քաղաքապետարանից էլ վեր համակարգային կոռուպցիայի մասին է խոսքը, որովհետև այդ համալիրում բնակարաններ ունեն Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանը այն կառույցն է, որ անմիջապես գիտի այդ խնդիրների մասին, ու այդ բացերը, եթե չեն փակվում օրենսդրական լուծումներով, ապա հիմնավոր կասկած է լինում, որ քաղաքապետարանը ևս մասնակցում է այդ պրոցեսներին։

«Ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում, որոնք հնարավոր է ազդեցություն ունենան այսպես վայրի կառուցապատման վրա»,- հարց ուղղեց ավագանու անդամը:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն հիշեցրեց, որ 2024-ի համար կառուցապատման ոլորտի, շինթույլտվությունների տուրքերը էականորեն աճել են. «Այդ տուրքերի ավելացումը միայն այս տարի Երևան քաղաքի բյուջեին 24 միլիարդ դրամ մուտք է ապահովել, միայն այս մասով։ Երբ ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը, նմանատիպ տուրքերը ամենաուժեղ, զսպող գործիքներն են:

Նոր նախագծում մենք հավելյալ ավելի  մեծ գումարների տուրքեր ենք նախատեսել այն դեպքերում, երբ որ կառուցապատողը արդեն իսկ նախատեսված ծավալներից շեղվում է: Երբ կառուցապատողը էականորեն ուզում է շեղվել, նույնիսկ վերահամաձայնեցման համար, այդտեղ տուրքերը էլի կտրուկ աճում են։

Ինչ վերաբերում է տարատեսակ շինարարական օբյեկտներին, որոնք կառուցապատվում են առանց որևէ թույլտվության, ես ձեզ վստահեցնում եմ Երևանի քաղաքապետարանը բոլոր այդ տեղերում գնում և իր անելիքը անում է, այսինքն տուգանում ենք կառուցապատողներին, Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը հետագայում էականորեն ավելի ուժեղանալու է և ուղղակիորեն մենք ունենալու ենք մի գործիք, որը կոչվում է քանդման պահանջ։

Սա հիմնականում ազդելու է այն կառույցների վրա, որոնք ինքնակամ են կառուցվել, որոնք փաստացի հետագայում չեն օրինականացվելու, դրանց հետ կապված շինթույլտվություն վստահորեն չի տրվելու: Այդ քանդման պահանջը ներկայացնելուն պես այդ ինքնակամ շինության կառուցողը պարտավոր է լինելու քանդել կամ շատ մեծ տուգանքների շարքի հանդիպել»-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: