երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ողջունում ենք գյուղատնտեսության ոլորտում կառավարության որոշումները, բայց մնում ենք զարմացած, էս ամեն ինչը շոու է․ Հրաչ Բերբերյան

Ողջունում ենք գյուղատնտեսության ոլորտում կառավարության որոշումները, բայց մնում ենք զարմացած, էս ամեն ինչը շոու է․ Հրաչ Բերբերյան

Գյուղատնտեսական առումով շատ հաջող տարի է սկսել, կլիման ամբողջությամբ գյուղացու կողմն է, InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Բանջարեղենային մշակաբույսերի համար նպաստավոր իրավիճակ է և առատ բերք կարելի է սպասել, սակայն, ըստ Բերբերյանի, խնդրահարույց է պտղատու ծառերի ծաղկի փոշոտումը։

«Դա պայմանավորված է նրանով, որ մեղվի քանակը պակասել է, գիտնականները բացատրում են մոբիլային կապի առկայությամբ, ինչի պարագայում մեղուն սատկում է։ Եթե վատ է փոշոտվում ծաղիկը, բերքն էլ պակաս կլինի»,- ասաց Բերբերյանը՝ կոչ անելով բջջային կապի ընկերություններին այս տարի լուրջ ներդրումներ իրականացնել մեղվաբուծության մեջ, փեթակներ տեղադրել առանձին համայնքներում։

Հարցին, թե հնարավո՞ր է այս տարի մեր գյուղատնտեսությունը ապահովի ներքին պահանջարկը և արտերկրից, մասնավորապես՝ Թուրքիայից լոլիկի ներկրման անհրաժեշտություն չլինի, Բերբերյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ, ու բացատրեց՝ ինչու․

«Այդպիսի բան չի լինի, քանի որ մեզ մոտ ջերմոցային աճեցում է, և ինքնարժեքը բարձր է և լոլիկի, և վարունգի, և պղպեղի։ Հարևան այդ պետությունը մի տարածք ունի, որտեղ կլիման այնքան բարենպաստ է, որ առանց ջերմոցի նույն արտադրությունը տալիս են ու ինքնարժեքը ցածր է։ Իսկ մեզ մոտ ջերմոցները գազով են ջեռուցվում, ու մթերքի ինքնարժեքը բարձր է լինում»։ Այդուհանդերձ, ըստ Բերբերյանի, լավ կլինի, եթե Թուրքիայից լոլիկ չներկրվի, բայց դա նաև վատ է մրցունակության անկման հնարավորությամբ, ինչը կարող է բերել ապրանքի գները բարձրացման: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես, 0 տոկոսով տրամադրվող վարկերին, Բերբերյանն ասաց՝ ողջունում են նման քայլերը, բայց միևնույնն է, մնում են զարմացած․ «Կառավարությունը որոշում է 0 տոկոսով վարկավորել գյուղացիական տնտեսություններին այն ժամանակ, երբ մարդիկ իրենց գործը պետք է արած լինեին, դա պետք է արվեր փետրվարին, թե չէ հիմա ինչ, բոլորը գործը արած պետք ա լինեին։ Ապրիլ ամսին որոշել սուբսիդավորել գյուղացո՞ւն։ Մինչև բանկերը տեղից շարժվեն, կլինի մայիս ամիսը, երբ բանը բանից անցած կլինի ու էդ ժամանակ էլ ի՞նչ վարկ»։

Այդուհանդերձ, Բերբերյանը պնդում է, որ մինչև հիմա «բանկերը թալանել են գյուղացուն», և գյուղացին հենց այդ բանկերից «քաշվածն է»։

«Կառավարությունը պետք է գործընկեր ընտրի ոչ թե բանկերին, այլ հենց գյուղմթերք արտադրողին, կարելի է խթանել ուղղությունները․ եթե ոչխարաբուծություն ենք զարգացնում, ապա պետք է ընտրենք այդ ուղղությունը ու սուբսիդավորեն հենց այդ գործը։ Պետք է խելոք լինենք», - ասաց Բերբերյանը՝ նկատելով, որ կառավարությունը փորձում է այս ծրագրերով աչք փակելով շոու կազմակերպել։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս կառավարությանը կայունացմանն ուղղված ծրագիր են ներկայացրել, սակայն դեռ արձագանքներ չունեն։

  • Կիսվել: