հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։

2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում:

Մայիսի 5-7-ը տեղի ունեցած հերթական աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը, միջազգային փորձագետներ մի շարք երկրներից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի հետագա աշխատանքային փաթեթները, որոնք ներառում են միկրոորակավորումների հավատարմագրման և ճանաչման գործընթացի մարտահրավերները: Քննարկումների ընթացքում հստակեցվել են նաև նախագծի հետագա քայլերը՝ միկրոորակավորումները  մասնագիտական կրթության և ուսուցման կարիքներին ծառայեցնելու շեշտադրմամբ:

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի և Գերմանիայի հաստատությունները, որոնք մշակելու  են միկրոորակավորումներ: Դրանք կարող են կիրառվել նաև շարունակական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում՝ որպես լրացուցիչ որակավորում կամ ոչ ֆորմալ ձևով ձեռք բերված ուսումնառության արդյունք։

ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացման առաջնային ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է, և վերոնշյալ նախագծի իրականացումը համահունչ է պետական քաղաքականությանը. «Այս նախաձեռնությունը ներդրում է մեր սովորողների, մանկավարժների և հաստատությունների ապագայի համար»:

Նրա խոսքով`վերջին տարիներին Հայաստանը մի շարք ռազմավարական բարեփոխումներ է իրականացրել ՄԿՈՒ համակարգում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի զարգացող կարիքներին:

Ընդգծելով, որ բարեփոխումները միտված են մասնագիտական կրթության որակի և մատչելիության բարելավմանը` Արմենուհի Պողոսյանը, մասնավորապես, շեշտել է  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը, որը  մատչելիության և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանության նոր կարգավորումներ է սահմանել:

«Նոր օրենքը ստեղծում է իրավական հիմք ժամանակակից, ճկուն և ներառական ՄԿՈՒ համակարգի զարգացման համար, խթանում է կարողությունների վրա հիմնված, սովորողակենտրոն կրթությունը: Նոր օրենքի ընդունմամբ հիմքեր են ստեղծվել` ներդնելու ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև միկրոորակավորումների համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս կարճ, նպատակաուղղված ուսուցման ծրագրերի, այդ թվում՝  վերապատրաստումների միջոցով զարգացնել և բարելավել հմտությունները, որը հատկապես աշխատանք փնտրող մեծահասակների համար կարևոր աջակցություն է»,- ասել է վարչության պետը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի ՄԿՈՒ համակարգում ներդրվում է  Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակի (ՈԱՇ) մոդելը, որը համապատասխանում է ԵՄ փորձին և Եվրոպական որակավորումների շրջանակին (EQF): Նրա խոսքով՝ գործընթացը նպատակ ունի առաջընթաց ապահովել հմտությունների և կարողությունների ազգային և միջազգային ճանաչման ասպարեզում:

Ըստ Արմենուհի Պողոսյանի՝ «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» նոր օրենքի առաջնային թիրախներից մեկը պետություն-մասնավոր համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսուցում (WBL) համակարգի զարգացումն է՝  ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների միջև ուղիղ կապերի ամրապնդման միջոցով։

Աշխատաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը և միջազգային փորձագետ Քրիստինե Էբերհարդը։ Քննարկումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով։

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծի շրջանակում մշակվել է ՄԿՈՒ ոլորտում միկրոորակավորումների մեթոդաբանության ճկուն ձևաչափ, որը կարող է ընդունելի լինել բոլոր երկրների կրթական համակարգերի համար՝ տեղական օրենսդրության կարգավորումների տեղայնացմամբ: Գործատուների և այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում մշակված 62 միկրոորակավորումներն առաջիկայում հասանելի կլինեն Skillsbank (Սկիլսբանկ) և Europass (Եվրոպաս) էլեկտրոնային հարթակներում:

Համագործակցությունը «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծի շրջանակում հնարավորություն է տալիս հավատարմագրել, փաստաթղթավորել, ճանաչել կամ վավերացնել միկրոորակավորումները՝ ըստ յուրաքանչյուր երկրի պահանջների՝ այդ կերպ կամուրջ ստեղծելով ՄԿՈՒ ոլորտի և աշխատաշուկայի միջև։ Նախագիծը կամփոփվի 2025 թվականի ավարտին:

  • Կիսվել: