Մետրոպոլիտենի նոր կայարանն ու ճոպանուղին «Իմ քայլը»-ի նախընտրական խոստումներն էին. Խաժակյան
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցմանը և ասաց, որ երբ Արթուր Մեսչյանը հեռացավ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, տպավորություն ստեղծվեց, թե նա իր հետ տանում է իր բարձրաձայնած խոստումները, մինչդեռ իրենք հիշում են, որ դրանք «Իմ քայլը»-ի նախընտրական խոստումներն էին:
Պատասխանելով նրա դիտարկմանը՝ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մետրոպոլիտենի հարցով քննարկում է տեղի ունեցել Կառավարությունում, և համաձայնության են եկել, որ երկփուլանի մրցույթ պետք է իրականացվի: Նա նշեց, որ այս պահի դրությամբ աշխատում են մրցութային փաթեթի վրա, որ մրցույթ հայտարարեն տեխնիկական բնութագիր գրելու համար, որից հետո արդեն երկրորդ փուլով պետք է մրցույթ հայտարարվի:
Փոխքաղաքապետը ասաց նաև, որ հստակ ժամկետներ նշել չի կարող, ինչին ի պատասխան՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ եթե ինքը լիներ ավագանու մեծամասնության փոխարեն, կասեր՝ «քարոզարշավ էր, ինչ-որ բան ասացինք, խոստացանք, հիմա չի ստացվում»: