հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայտնի է Ինֆանտինոյի առաջին մրցակիցը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար ընտրություններում

Հայտնի է Ինֆանտինոյի առաջին մրցակիցը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար ընտրություններում

Լոնդոնի «Տոտենհեմի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին՝ դառնալով կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյի առաջին հրապարակային մրցակիցը, գրում է armsport.am-ը:

«Իմ նպատակը պարզ է՝ ծառայել ֆուտբոլին և այն մարդկանց, որոնք կյանք են հաղորդում այս խաղին: Ես առաջադրվում եմ, որպեսզի միավորեմ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքը, իրականացնեմ իրական ու երկարաժամկետ բարեփոխումներ, արդիականացնեմ ՖԻՖԱ-ն 21-րդ դարի պահանջներին համապատասխան, վերականգնեմ կազմակերպության կայունությունն ու վստահությունը, ինչպես նաև վերադարձնեմ այն հավատը, որի կարիքն մեր խաղն այնքան ունի»,- Վեգայի խոսքն է մեջբերում Reuters-ը:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է առաջադրել Վեգայի թեկնածությունը, և արդյոք որևէ ֆեդերացիա պաշտոնապես անցկացրել է նրա առաջադրումը: Ավելի վաղ նրա հայրենի Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակայնորեն չեղարկել էր իր աջակցությունը Ինֆանտինոյին առաջիկա ընտրություններում:

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ՖԻՖԱ-ի Կոնգրեսի ընթացքում: Թեկնածուների հայտերի ընդունումը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը:

  • Կիսվել: