ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք կաշառքը՝ ՔՊ-ին 65 տոկոսը, տվել ենք, ո՞ւր են մեր հողերը. Հաղթանակ թաղամասի բնակիչ

Մենք կաշառքը՝ ՔՊ-ին 65 տոկոսը, տվել ենք, ո՞ւր են մեր հողերը. Հաղթանակ թաղամասի բնակիչ

Արտահերթ ընտրություններից առաջ մենք հրավիրեցինք պատգամավորներին, քանի որ մեր մոտից առաջադրվել էր Հրաչյա Հակոբյանը, իրեն մեր խնդրի համար հրավիրեցինք Հաղթանակ թաղամաս, ասաց՝ միգուցե դուք գաք ԱԺ, նստենք, պարզենք խնդիրը: Այս մասին, այսօր՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:

Նա շարունակեց, որ իրենք մոտ 8 հոգով գնացել են ԱԺ. «Մեզ ինչ-որ բաներ առաջարկեցին, ասացին՝ երկու փուլով կանենք, հարցը լուծվող է: Ասացին՝ քանի որ դիմացն արտահերթ ընտրություններ են, ֆիզիկապես չենք հասցնի, թող ընտրությունները անցնեն: Արտահերթ ընտրություններում Հաղթանակ թաղամասը ՔՊ-ին տվեց 65 տոկոս ձայն: Մենք գնացինք, ասացին՝ դուխով ձայն տվեք ՔՊ-ին, մեր հողերի հարցը լուծվելու է: Բայց քանի որ հետո չլուծվեց, սկսեցին ցրել, Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը: Մենք չէինք պատկերացնում, որ մեզ սենց ափաշքարա կխաբեին: Հիմա մենք կաշառքը տվել ենք, 65 տոկոս տվել ենք, ո՞ւր ա մեր հողերը: Չեմ ասում՝ ՔՊ-ն ձայնն չէր ստանա, գուցե ստանար մի 35 տոկոս, բայց 65 տոկոս չէր ստանա»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:

Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

  • Կիսվել: