հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկել է հայ-գերմանական առաջին «Սրտային անբավարարության գարնանային դպրոց»-ը

Մեկնարկել է հայ-գերմանական առաջին «Սրտային անբավարարության գարնանային դպրոց»-ը

«Սրտային անբավարարության գարնանային դպրոց» խորագրով առաջին կոնֆերանսը ավագ և միջին բուժաշխատողների համար մեկնարկեց բժշկական բուհում: Հավաստագրված կոնֆերանսը համալսարանական հարկի շուրջ է համախմբել սրտաբանների, թերապևտների, սրտաբանության ոլորտի բուժքույրերի, ինչպես նաև սրտաբանությամբ հետաքրքվողներին: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը։

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կլինիկայի մասնագետներն առաջիկա երեք օրերին հանդես են գալու դասախոսություններով, իրականացնելու են գործնական աշխատանքներ:

70 տարեկանից բարձր հասակում ամեն հինգերորդ մարդ ունի սրտային անբավարարություն: Սրտային անբավարարությունն ամենատարածված հիվանդություններից է աշխարհում` հաճախակի բարձր հոսպիտալիզացիաներով և դեռևս բարձր մահացությամբ:

Այդ պացիենտների բուժման մեջ նորագույն մեթոդների կիրառումը զգալի առաջընթաց է ապահովել վերջին տասը տարվա ընթացքում մահացության իջեցման ուղղությամբ: Կոնֆերանսը նվիրված է վերոնշյալ խնդրի լուծման բանաձևերի մշակմանը, քանի որ այն խնդրահարույց է ամբողջ աշխարհում:

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսի խոսքով՝ մեծ պատիվ է լինել Երևանում՝ համատեղ առաջին գարնանային դպրոցին:

Պրոֆեսորը փոխանցեց Մագդեբուրգի համալսարանի ռեկտորի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պետական նախարարի ջերմ մաղթանքները։

«Նրանք շատ բարձր են գնահատում և հպարտ են սրտային անբավարարության ոլորտում փոխգործակցության համար», - նշեց Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը՝ հիշեցնելով, որ Երևանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործում է մշակութային համաձայնագիր։

Սրտային հիվանդություները, պրոֆեսորի համոզմամբ, գնալով ավելի շատ են սրտային անբավարարության պատճառ դառնում ամբողջ աշխարհում։ «Մեր գործընկերությունը պետք է ուղղված լինի սիրտ-անոթային հիվանդությունները լավագույնս կանխարգելելուն և բուժելուն։ Հետաքրքիր է քննարկել տարբեր երկրների տարատեսակ մոտեցումները։ Մենք բոլորս այստեղ վստահաբար աշխատում ենք միջազգային մակարդակով։ Առաջին անգամ մենք հանդիպեցինք 4 տարի առաջ՝ Երևանում՝ ուսանողների փոխանակման ծրագրի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով։ Մեզ հաջողվեց ստեղծել սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում միջազգային բժշկական գործընկերություն, որը ողջունելի է Միջազգային համագործակցության գերմանական միության (German Society for International Cooperation) կողմից։  Կրկին ողջունում եմ նախաձեռնությունը և վստահ եմ՝ սա լինելու է հիշարժան միջոցառում», - եզրափակեց Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց ներկաներին, գերմանացի կոլեգաներին՝ շեշտադրելով միջոցառման գիտահենությունը:

«Հատուկ պետք է նշեմ, որ մեր բազմամյա աշխատանքները, որոնց առանցքում են բուհի շրջանավարտները և որոնք առանձնահատուկ մեծ դերակատարում են ունեցել այս համագործակցության համար, նոր փուլ են տեղափոխվում: Համոզված եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում ձեզնից յուրաքանչյուրն իր առօրյա աշխատանքում կբարելավի արդյունքները, վեր կհանի այն խնդիրները, որոնք մեր գիտական պրակտիկայում յուրաքանչյուրիս մտահոգում, անհագստացնում են: Ուրախ եմ, որ այս գիտաժողովն անցնում է մայր բուհում, որը վերջին տարիներին միջազգայնացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Կա համաշխարհային բժշկագիտություն, և այդ բժշկության առանցքային մասը դարձավ նաև բժշկական համալսարանը», - ընդգծեց ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ այս աշխատանքները  արգասաբեր կլինեն մասնակիցների համար:

«Հերացի» հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանի գնահատմամբ` սրտային անբավարարությունը նաև հսկայական բեռ է առողջապահական համակարգի համար հաճախակի և երկարատև հոսպիտալիզացիաների հետևանքով, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհը սևեռված է այս հիմնահարցերի լուծման վրա:

«Վերջին հինգից տասը տարվա ընթացքում գրեթե  ամեն տարի ուղեցույցներում փոփոխություններ են կատարվում, և մենք դժվարությամբ ենք կարողանում այդ ամենին հետևել, լուսաբանել, ներդնել պրակտիկայում», - ասաց պրոֆեսոր Սիսակյանը` նկատելով, որ գիտությունից, նորարարությունից դեպի գործնական պրակտիկա անցումը եվրոպական երկներում տևում է երկու-երեք տարի, և այդ դիտակետից՝ կազմակերպված այս մասնագիտական հավաքը հնարավորություն է թերապևտների և սրտաբանների համար հասանելի դարձնել բնագավառի նորարարությունները, հատկապես որ ամեն տարի փոփոխվում են բուժման մոտեցումները:

Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են և ամենաբարձր մահացությունն ունեն՝ չնայած այն փաստին, որ արևմտյան, եվրոպական երկրներում նվազման միտում կա։ Այնուամենայնիվ, ցուցանիշները բարձր են, և դրանց շարքում սրտային անբավարարությունը ծանր հիվանդություն է` հանկարծակի մահերով:

Այսպիսով, եռօրյա կոնֆերանսը սրտային անբավարարության ախտորոշման, բուժման, նորագույն մեթոդների քննարկման ու փորձի փոխանակման համար արդյունավետ հարթակ է ձևավորելու:

Համայակ Սիսակյանի առաջարկով՝ ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ՝ սրտային անբավարարության տարածվածության մասին, որի ժամանակին ախտորոշումն ու բուժումը մեծ նշանակություն ունի կյանքի որակի բարձրացման և ապրելիության համար։ Սրտային անբավարարության իրազեկման շաբաթվա առիթով համալսարանական Սրտաբանական կլինիկայի երիտասարդ սրտաբանները նախորդ տարի պատրաստել էին այս հոլովակը, որը պատմում էր ախտանիշների մասին, որոնք պետք է հուշեն, որ ժամանակն է դիմել սրտաբանի։

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անունից մասնակիցներին ողջունեց նախագահ, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի  Սրտաբանության ամբիոնի վարիչ Համլետ Հայրապետյանը:

Նա մատնանշեց միջոցառման կարևորությունը սրտաբանական համայնքի գիտելիքի կատարելագործման տեսակետից, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար:

«Որքան կատարելագործվում է, բարելավվում  սուր սրտային հիվանդությունների բուժումը, այնքան մեծանում է քրոնիկ պացիենտների քանակը, որն էլ նոր մարտահրավերներ է բերում: Վերջին տարիներին մեծ թռիչք է գրանցվել քրոնիկ սրտային անբավարարության հիվանդությունների բուժման հարցում՝ ի տարբերություն սուր սրտային անբավարարության»,- տեղեկացրեց Համլետ Հայրապետյանը:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ սրտաբան, բժշկական բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը սրտաբանների անունից փաստեց, որ միջոցառումը հետաքրքիր թեմատիկ ընդգրկում ունի:

«Դարի ամենածանր պրոբլեմներից մեկն է քննարկվելու: Որպես սրտաբանական կենտրոնի ղեկավար՝ նշեմ, որ, ցավոք սրտի, այն սարքավորումները, որոնց կարիքն առկա է լինում բուժման համար, բավականին թանկարժեք են և մեր երկրում շատ չեն կիրառվում», - նշեց Ադամյանը` այս առումով հույս հայտնելով, որ առաջիկայում համակարգը ֆինանսապես կբարելավվի և կհասնի բարձր մակարդակի:

Ադամյանի ցանկությունն է, որպեսզի կոնֆերանսին մասնակցող բժիշկները դուրս գան դահլիճից գիտելիքով զինված` հօգուտ պացիենտների և նրանց առողջության:

Մասնագիտական զեկույցների շարքը մեկնարկեց գերմանացի պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսի՝ «Սիրտանոթային ռիսկերի գնահատում. դիսլիպիդեմիա» խորագրով զեկույցով:

Արտերկրի հյուրը ներկայացրեց սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկի գործոնները։ Կարևորելով հիվանդության կանխարգելումը՝ պրոֆեսորն առանձնացրեց առողջ սննդակարգը (որը հանգեցնում է օրգանիզմում խոլեստերինի ցածր մակարդակի), ֆիզիկական ակտիվությունը, արյան ճնշման վերահսկումը։ Կոնկրետ կլինիկական դեպքերի օրինակով Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսն անդրադարձավ նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդներին։

Կոնֆերանսի առաջին օրվա երկրորդ հատվածում  «Հերացի» հիվանդանոցային համալիրի Սրտաբանության կլինիկայի բժիշկներ Մարիամ Հովհաննիսյանը և Մագդաղինե Ստամբոլցյանը «Սիրտանոթային ռիսկերի կանխարգելում, SCORE2 և SCORE2-OP» թեմայով գործնական աշխատանքներով հանդես եկան, այնուհետև գործնական աշխատանքը «Սկրինինգային գործառույթներ՝ միտված սրտային անբավարարության վերջնարդյունքների բարելավմանը» թեմայով էր, որը ներկայացրին նույն հիվանդանոցային համալիրի Սրտաբանության կլինիկայի բժիշկներ Սյուզաննա Շահնազարյանը և Գոռ Մարտիրոսյանը:

Նշենք, որ բժշկական համալսարանի համագործակցությունը Մագդեբուրգի համալսարանի հետ արդեն տարիների պատմություն ունի, և այս գործակցության շարունակականությունն ու սերտացումը բուհի համար առանձնակի կարևոր է:

Այս միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար համալսարանականները շնորհակալ են  նախաձեռնող կողմին` Սրտաբանական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսին և նույն հիվանդանոցի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ շրջանավարտ և բուհի նախկին աշխատակից Նաիրա Երիցյանին, որոնց աջակցության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց իրականացնել այս ծրագիրը:

  • Կիսվել: