Աղքատների բանակ են դարձնում, մարդկանց ստիպում են՝ տները վարկ դնեն, և էրեխեքին ազատեն. Գեղամ Մանուկյան
Հիմա շատ կարևոր հարց պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում. Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելուն՝ փողատերերի և ոչ փողատերերի։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել և սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետև սա խայտառակություն է։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու իմաստով։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն»,–ասաց նա։
Հարցին՝ սա ի՞նչ անդրադարձ կունենա բանակի վրա, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Խիստ անարդարություն է հաստատվելու։ Սահմանադրության կետերն են ոտնահարվելու։ Այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որևէ արդարացում չկա։ Ասում են՝ թե բա մեկ է՝ հարուստների երեխաները չեն ծառայում։ Ուրեմն ընդունում են, որ փողով բանակից ազատվում են, բայց յոթ տարի ի՞նչ էին անում, սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների զինված ուժեր»։
Անդրադառնալով նման նախագիծ ներկայացնելու նպատակներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ նպատակներից մեկը բյուջե լցնելն է. «Բայց մի քիչ կասկածում եմ, որ այդքան մարդ կհամաձայնվի այդ գումարները վճարելու։ Նաև սա նշանակում է շատ-շատերին ուղղակի ահռելի բեռի, վարկերի տակ դնել, տներ գրավադրել, որ կարողանան գտնել այդ 15 միլիոն դրամը, 20 միլիոն դրամը։ Սա ուղղակի խարխլում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման անկյունաքարային այն բոլոր նորմերը, որ մինչև հիմա կան»։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին այս նախաձեռնությունը էլի ասպարեզ է բերվել, սակայն այն ժամանակ ՊՆ–ն դեմ արտահայտվեց։