ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարդը, որն այդ օրենքն անցկացրել է, փողոցում ծխող մարդ է տեսնում, իրեն ո՞նց է զգում․ Խաչատուր Սուքիասյան

Մարդը, որն այդ օրենքն անցկացրել է, փողոցում ծխող մարդ է տեսնում, իրեն ո՞նց է զգում․ Խաչատուր Սուքիասյան

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով սրճարաններում ծխելը արգելող օրենքին, նշեց, որ, միևնույն է, բոլոր տեղերում ծխում են: 

«Բա հիմա եթե մենք օրենք ենք ընդունում, մենք ինչ ենք ուզում ասել՝ հասարակություն, մենք այդ օրենքը ընդունում ենք, բայց այդ ռեսուրսը չունենք, որպեսզի հետևենք՝ սրճարաններում և ռեստորաններում չծխեն: Մենք՝ որպես պատգամավորներ, եթե տեսնում ենք սրճարանում 20 հոգի ծխում է, ի՞նչ պետք է ասենք»,- ասաց Սուքիասյանը։ 

Պատգամավորը նաև նկատեց՝ կամ եթե սրճարանի մոտ ինչ-որ պատնեշ է դրված, մարդը պատնեշի մոտ՝ դրսում կանգնած, իր ընկերոջ հետ ծխում է, ինչպես է դա դուրս համարվում. «Նույն սրճարանն է։ Եթե խորը մտածեինք, այլ գործիքներ կգտնեինք։ Եթե չեն գտել, ես կխնդրեմ հեղինակներին՝ թող հետ գնան, մի տարին մոնիթորինգ անեն, մտնեն սրճարաններ, հարցնեն՝ պարոն, ձեզ մոտ քանի՞ հոգի են ծխում»։ 

Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ իրավունք ունեն ԱԺ-ում օրենք անցկացնել, բայց դրանից հետո պետք է հետևեն պահպանմանը. «Օրինակ՝ մարդը, որը օրենքն անցկացրել է, տեսնում է՝ սրճարանում ծխում են, իրեն ո՞նց է զգում։ Նշանակում է՝ օրենքը չի աշխատում, նշանակում է՝ ինչ-որ մի բան սխալ է արված: Իհարկե, եթե բոլորը չծխեն, երջանիկ ու առողջ հասարակություն կունենանք, բայց չենք կարողանում, այդ գործիքը չենք գտնում»:

  • Կիսվել: