չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կներդրվեն բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով աջակցության տրամադրման կարգերը

Կներդրվեն բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով աջակցության տրամադրման կարգերը

Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը:

Կառավարության՝ ապրիլի 4-ի նիստի ընթացքում հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն դա տեղի չի ունենում համատարած, համակարգված և կանոնավոր: Այս գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից:  Այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»,- նշել է նախարարը:

Այսպիսով, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները՝ ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, դեպքի հայտնաբերման և երեխայի խնամքի հաստատություններ տեղավորման գործընթացում հիմնական ներգրավվածություն ունեցող մարմիններն են, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և ՀԿ-ները: Որոշմամբ սահմանվում են նաև փոխգործակցության սկզբունքները:

«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում պատկերը կլինի հետևյալը. երբ որևէ խողովակով հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, խնամակալության և հոգաբարձության մարմինները գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում, որը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ տարվող անհրաժեշտ աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի վերասոցիալականացումը կամ ընտրել հետագա խնամքի կազմակերպման ձևը: Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն»,- նշել է  Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ որոշման ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքներն ավելի համակարգված կլինեն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել.

«Սա էլ է ստանդարտի մասին, երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտի մասին է խոսքը: Այստեղ, իհարկե, ընտանիքից դուրս իրադրությունները պարզ են, մենք հստակ վերաբերմունք ունենք: Մեր քաղաքականությունն է՝ երեխայի հետ կապված դժվար իրադրություններում մաքսիմալն անել, որ երեխան մնա և շարունակի մնալ ընտանիքում. սա բոլոր հարցերում մեր առաջնային քաղաքականությունն է: Բայց կա մի նրբություն, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել. երեխան ոչ մեկի սեփականությունը չէ: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ մենք սրա մասին էլ պետք է բարձր խոսենք: Այո՛, կան իրադրություններ, երբ պետությունը, կառավարությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից, և պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ: Ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով միջամտի և երեխային պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է»:

  • Կիսվել: