ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Կառավարությունը նախագահի քարտին 49 մլն դրամ կփոխանցի

Կառավարությունը նախագահի քարտին 49 մլն դրամ կփոխանցի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ավելացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակին հատկացվող գումարները: Նշենք, որ որոշման նախագիծը չզեկուցվող հարցերից  էր։

Հիմնավորման համաձայն, որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին:

Ըստ նախագծի, առաջարկվում է  ՀՀ նախագահի «գործունեության և ներկայացուցչականության ապահովում» հոդվածով նախատեսված 52 մլն դրամ գումարը ավելացնել 49 մլն դրամով:

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով, որի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

Նշված հանգամանքից ելնելով, ինչպես նաև անցած ժամանակահատվածում գործունեության կազմակերպմամբ, ներկա առանձնահատկություններով և աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված, ներկայացվող նախագծով առաջարկվող չափաքանակում կատարվող փոփոխությունը նպատակ ունի բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցներով ծախսերը 49 մլն դրամ գումարի չափով ավելացնելու անհրաժեշտության»,- ասված է հիմնավորման մեջ։

Սա նշանակում է, որ այդ գումարը փոխանցվում է բանկային վճարային քարտին՝ անկանխիկ տարբերակով:

 

  • Կիսվել: