ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի աթոռի շուրջ պայքարը դեռ ընտրություններից ամիսներ առաջ թեժանում է, իսկ հնարավոր թեկնածուների ու հավակնորդների թիվը գնալով մեծանում է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը նախկինում հակված էր պաշտոնից հեռանալու և հայտարարել էր, որ չի առաջադրվելու, այժմ մտափոխվել է և ցանկանում է շարունակել պաշտոնավարումը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ֆեդերացիայում այս օրերին բավականին խառը իրավիճակ է նաև կադրային առումով․ մի քանի աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից Մելիքբեկյանի հրամանով։
Միաժամանակ արդեն ուրվագծվում են ՀՖՖ նախագահի պաշտոնի մի քանի հավակնորդներ։ Ամենաշատ շրջանառվող անուններից մեկը Մխիթար Հայրապետյանն է, ով կարծես թե թիմ է հավաքում արդեն։ Հիշեցնենք՝ հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայրապետյանը չի շարունակելու աշխատանքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ևս հետաքրքրված է ՀՖՖ-ում սպասվող գործընթացներով և փորձում է նախագահի հավանական թեկնածուների շարքում առաջ մղել իր ընկերոջը՝ Երջանիկ Հակոբյանին։ Վերջինս նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ այժմ ղեկավարում է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Շրջանառվել է նաև Սիսակ Գաբրիելյանի անունը, որն ապա հերքվեց։
Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ շրջանառվում են ևս 4-5 անուններ, որոնք այս պահին ճշտման փուլում են։ Առանձին շրջանակներում քննարկվում է նաև Ռուբեն Նազարեթյանի անունը։ Նա երկար տարիներ գլխավորել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը և 2026-ին թիմի հետ պատմական արդյունք գրանցել Եվրոպայի առաջնությունում, հիմա նա ՀՖՖ նախագահի խորհրդականն է, եղել է Գեներալ Մանվելի հեռավոր շրջապատից։
Այսպիսով, ՀՖՖ-ում առաջիկա ընտրություններից առաջ իրավիճակը գնալով ավելի խճճված է դառնում։
ՀՖՖ նախագահի աթոռի համար հավակնորդների թիվը դեռ կարող է աճել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշման մասին չի հայտնել ոչ մեկին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



