հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար. հարց` Փաշինյանին

Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար. հարց` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը «սպառիչ պատասխան» է տվել այն հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը երկրի համար ոչ լավագույն պայմաններում։

Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում լրագրողը վարչապետ Փաշինյանին հիշեցրել է ընդդիմադիր Փաշինյանի խոսքերը, որը դեմ էր արտահայտվում նախկին իշխանությունների նմանօրինակ նախաձեռնություններին, և ամփոփել հարցը․ «Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար»։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին, 2017-ի համեմատ, երկրի բյուջեն աճել է 135 տոկոսով, ներդրվել են առողջապահության ապահովագրության համակարգն ու ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչը թույլ է տվել եռապատկել վերջիններիս աշխատավարձերը։ Նա նաև նշել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շնորհիվ աշխատավարձերը հասնում են 500-600 հազար դրամի, իսկ ՀՆԱ-ն 8 տարում աճել է 53,1 տոկոսով։

Փաշինյանի խոսքով՝ պետական համակարգն արձանագրել է այդ հաջողությունները, և դրանք շարունակելու համար անհրաժեշտ է բարձրացնել պետական ապարատում աշխատանքի գրավչությունը, ինչի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պարզապես անհրաժեշտ է ավելացնել աշխատավարձերը։ Ընդ որում, պաշտոնյաներն իրենց եկամտի մի մասը պետք է ուղղեն մասնագիտական կրթությանը։ Վարչապետը համարում է, որ Կառավարությունը բավարար հաջողությունների է հասել նման որոշում կայացնելու համար։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հավաստիացրել է, որ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ինքն ու իր նախարարները միլիոնատեր չեն դարձել։

  • Կիսվել: