Կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսության ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրին
Կառավարությունը հավանություն տվեց Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Երկու ծրագիր, ըստ էության, հաստատում ենք: Դրանցից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան համայնքներում 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսության ներդրումային ծրագրի շրջանակներում 257.4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո Կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան: Այս ծրագրի առաջին փուլի արժեքը 3.1 մլրդ դրամ է, և նախատեսվում է առաջին 300 հեկտարի ներդրումը կատարել, բնականաբար, որոշ ժամանակ անց ընկերությունը կներկայացնի նաև մյուս 1788 հեկտարի ներդրումները»:
Մյուս ծրագրով, որը չզեկուցվող հարցերում է, «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգիների տնկման աշխատանքներն են: «Այստեղ մենք մի քիչ ավելի այլ կարգի օժանդակություն ենք տրամադրում. իրականացնում ենք 1.5 կմ ճանապարհի ասֆալտապատում, բջջային, ինտերնետ կապի տրամադրում, ոռոգման, խմելու ջրագիծ, էլեկտրամատակարարում: Այս ծրագրի ընդհանուր արժեքը 383.1 մլն դրամ է»,- ասաց նախարարը: