հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կադաստրի կոմիտեի թղթային արխիվները թվայնացնելիս մոտ 80 հազար անճշտություն է ի հայտ եկել. առաջարկ տույժ-տուգանքների մասով

Կադաստրի կոմիտեի թղթային արխիվները թվայնացնելիս մոտ 80 հազար անճշտություն է ի հայտ եկել. առաջարկ տույժ-տուգանքների մասով

Կադաստրի կոմիտեում գործում է գնահատման հանձնաժողով, որի անդամները 5 տարվա մասնագիտական ստաժ պետք է ունենան: Նախագծով առաջարկվում է անդամների մասնագիտական ստաժը դարձնել 2 տարի, ինչպես նաև ստեղծել մասնագիտական կազմի մեջ ընդգրկվելու ռոտացիոն համակարգ: ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կարծիք հայտնեց, որ այդ կերպ ավելի մասնակցային կդառնա հանձնաժողովը:

Սուրեն Թովմասյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Կադաստրի կոմիտեի բազաների թերություններին և դրանց շտկման արդյունքում քաղաքացիների վրա ընկնող հավելյալ բեռին: Խոսքը գույքահարկի հաշվարկման մեթոդաբանության մասին է:

Ըստ Թովմասյանի՝ թերությունները բացահայտվել են, երբ էլեկտրոնային համակարգը ներդրվել է Կադաստրի կոմիտե և համայնքներ: Թղթային արխիվներից տեղեկատվության թվայնացում է եղել, ստեղծվել են էլեկտրոնային բազաներ, որոնց հիման վրա էլեկտրոնային բանաձևով հաշվարկվել է շուկայական արժեքի մոտարկված գինը, դրանից էլ գույքահարկ է գանձվել:  

«Պարզվեց, որ կան դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալները՝ բազայում մուտքագրված թվերը, մակերեսները, որոշ դեպքերում՝ նյութերը, չեն համապատասխանում իրականությանը, և սխալ տեղեկատվություն է մուտքագրված»,- ասաց նա և հավելեց՝ որոշ դեպքերում, օրինակ, 500 քմ-ի դիմաց 50 քմ-ի համար է վճարվել, կամ երկհարկանի շինության համար՝ մեկհարկանիի արժեքով, իսկ անճշտությունները տուգանքներ են ենթադրում:

«Ստացվում է, որ քաղաքացին որևէ մեղավորություն չունի, և թվայնացման, մասսայական աշխատանքների իրականացման արդյունքում տվյալների որոշակի թերությամբ մուտքագրում է տեղի ունեցել համակարգ, և դրա հետևանքով քաղաքացին իր պարտավորությունն ամեն տարի կատարել է, բայց գոյացել է որոշակի գումար՝ որպես գույքահարկի բեռ, չկատարված պարտավորություն, որին գումարվում են չվճարված տույժերն ու տուգանքները»,- ասաց նա և հավելեց՝ նախագծով առաջարկվում է տույժ-տուգանքները զրոյացնել:

«Եթե քաղաքացին կկատարի մնացած պարտավորությունները, որոնք որպես տարբերություն ի հայտ են եկել, ապա նա ազատված կլինի տույժերից և տուգանքներից: Սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք հավուր պատշաճի իրենց պարտավորությունները կատարել են, իսկ ովքեր չէին կատարել իրենց պարտավորությունները, նրանց վրա տույժեր և տուգանքներ հաշվարկվելու էին, և հաշվարկվելու են նաև այս փոփոխություններից հետո»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը նախագծի առնչությամբ ասաց՝ կա 80 հազար նման դեպք, երբ պարզվել է, որ տվյալները սխալ են, և բազան պետք է ճշգրտվի: 80 հազարից մի մասի դեպքում կարող է պարզվել, որ քաղաքացին ունի լրացուցիչ հարկային պարտավորություն, մի մասի դեպքում հակառակը կարող է պարզվել, որ քաղաքացին ավելի է վճարել, և համայնքն ունի քաղաքացու նկատմամբ պարտավորություն:

«Կադաստրի կոմիտեին խնդրել ենք այդ վիճակագրությունը հանել, համամասնությունը հասկանալ»,- ասաց Թունյանը և հավելեց, որ եթե միտումնավոր շեղումներ լինեն, կարելի է հրավիրել իրավապահների ուշադրությունը:

  • Կիսվել: