Իրանը և Հայաստանը կարևորել են տեխնոլոգիական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը
Իրանի նախագահի գիտական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը և Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարը կարևորել են երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:
Երեքշաբթի օրը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, կարևորելով երկու երկրների միջև համատեղ տեխնոլոգիական նախագծերի իրականացումը և ուսանողների փոխանակումն, Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Սորենա Սաթարին ասել է.«Նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով զբաղվող բաժինը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել փորձով»:
Անդրադառնալով Իրանում գիտելիքների վրա հիմնված տնտեսության իրականացմանը Սաթարին ասել է. «Այս տնտեսության արդյունքը շոշափելի և կիրառելի է մարդկանց առօրյա կյանքում»:
Նշելով, որ տեխնոլոգիական և ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը ամենակարևոր և հիմնական անհրաժեշտությունն է երկրում գիտելիքահենք տնտեսության իրացման համար, Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալը հավելել է. «Կրթված ուժի կողքին համալսարանները, ինովացիոն գործարաններն ու կենտրոնները և տեխնոլոգիական պարկերը այս էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են»:
Սաթարին նշել է «Ներկայումս Իրանում գործում է վեց հազար գիտելիքահենք ընկերություն, և անցած տարի նրանց գործունեության արդյունքը կազմել է մոտ 12 միլիարդ դոլար»: