շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ի հեճուկս բոլոր հոռետեսական  կանխատեսումների՝ մենք  բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք․ Փաշինյան

Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների՝ մենք բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք․ Փաշինյան

Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3 տոկոս կատարողական։ Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է և ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով։ Այս մասին կառավարության այսօրվա  նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։  

«Մեկ հարց կա , որ առաջացել է հատկապես  մակրոտնտեսական անորոշությունների և դրան առնչվող հարկային հնարավոր նվազումների  հետ  կապված»,- նշեց նախարարը․ «Մենք պարզաբանել ենք մեր բոլոր գործընկներին՝ այդ թվում  Արժույթի միջազգային հիմնադրամին և մյուս բոլոր ֆինանսական  կառույցներին, որոնք աշխատում են մեզ հետ՝ տարվա ծրագիրը հասկանալու ուղղությամբ, եթե այդպիսի հարկային նվազումներ լինեն, մենք  ներգրավելու ենք  լրացուցիչ միջոցներ  և դա որևէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա, այսինքն՝ ծախսերը կատարելու ենք նախատեսված ամբողջ ծավալով»։

Արձագանքելով նախարարին՝ վարչապետը նշեց․ «Սա շատ կարևոր է, և կարևոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին։ Մենք աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել ՝ 350 միլիարդ դրամի չափով, այդպիսի ցուցանիշ երբեք չի եղել  և անկախ ամեն ինչից մենք այդ կապիտալ ծախսերը իրականացնելու ենք»։

Փաշինյանն ընդգծեց․ «Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական  կանխատեսումների,  մեր լարվածությանը, մենք  բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք և կարող ենք արձանագրել, կամ կարո՞ղ ենք արձանագրել, պարոն Բադասյան, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ պատասխանեց․ «Այո , գերակատարվել է՝ արդեն իսկ մի քանի օր առաջվա դրությամբ, վաղը կամփոփենք ամբողջական տվյալները։ Խոսքը գնում է առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով  գերակատարելու մասին, այն  պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել  մեզ հասանելի բաժինը, այսինքն՝ մոտ 6 միլիարդ  չստանալու  դեպքում, մի քանի միլիարդով կգերակատարենք  առաջին եռամսյակի ցուցանիշը»։

«Իսկ ինչ վերաբերում է հոռետեսական սպասումներին, դա ինձ թվում է ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում»,- ասաց Բադասյանը։

«Մենք մյուս եռամսյակների  հետ կապված չունենք հոռետեսական  կանխատեսումներ, դա ուրիշներն ունեն։ Ես շատ լավատեսական եմ տրամադրված»,- արձագանքեց Փաշինյանը։  

  • Կիսվել: