Հրազդանի կիրճում պլանավորել ենք մաքրման աշխատանքներ իրականացնել այս տարի և կիրճն ուզում ենք նորմալ, բնությանը հարիր տեսքի բերել. Ավինյան
Հրազդանի կիրճը մենք պատրաստվում ենք որպես ռեկրեացիոն գոտի սահմանել և դա որոշակի սահմանափակումներ է ենթադրելու, մենք այնտեղ պլանավորել ենք մաքրման աշխատանքներ իրականացնել այս տարի և կիրճն ուզում ենք նորմալ, բնությանը հարիր տեքի բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փոխքաղաքապետն անդրադարձավ Մանկական երկաթուղուն վերաբերող առաջարկվող ներդրումային ծրագրին. «Առաջարկվել է ներդրումային ծրագիր գործող վարձակալի կողմից, շատ երկար քննարկումներից հետո շատ մեծ ծրագիր էր նախատեսվում, մենք մի քանի տարի քննարկել ենք այդ ծրագիրը, այն հնարավորինս փորձել ենք հարմարեցնել բնության միջավայրը չկորցնելու տրամաբանությանը, ավելացրել ենք ճոպանուղու նախագիծ այդ ներդրումային ծրագրում և շուտով կարծում եմ Կառավարությունն այդ ծրագիրը կքննարկի»:
Կրկին խոսելով Հրազդանի կիրճի մասին՝ Ավինյանն ասաց. «Հրազդանի կիրճը Երևան քաղաքի կարևորագույն կոմպոնենտներից մեկն է և բնության շատ հազվագյուտ կետերից է, որը հնարավորինս մենք փորձում ենք պահպանել, քանի դեռ ամբողջապես չի ապականվել»: