հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հնարավորություն կստեղծվի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը

Հնարավորություն կստեղծվի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով` նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա»-ին, որպես՝ վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությյունից, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացումից։

Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար (7900 կկալ/խմ)։ Բացի վայդ, արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:

Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Հավանություն է տրվել 2021 թ. հոկտեմբերի 4-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին: Համաձայնագրով նախատեսվում է, ի շարունակություն հայ-գերմանական համագործակցության զարգացման քաղաքականության, գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116 մլն 400 հազար եվրո՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։ Համաձայնագրով նախատեսվում է մինչև՝ 3.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում - Հայաստան» ծրագրի իրականացման համար, 40.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի և տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում, 70.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար, 3.400.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար։

  • Կիսվել: