շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում գնաճը կազմել է 9,5 տոկոս, ինչը բավականին բարձր է մեր՝ 4 տոկոս թիրախի համեմատ. Մարտին Գալստյան

ՀՀ-ում գնաճը կազմել է 9,5 տոկոս, ինչը բավականին բարձր է մեր՝ 4 տոկոս թիրախի համեմատ. Մարտին Գալստյան

Վրաստանում այս պահի դրությամբ գնաճը 10,6 տոկոս է, Եվրոգոտում՝ 10,7, Ղազախստանում՝ 18,8: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ընդգծելով որ ներկայացված տվյալները հոկտեմբեր ամսվան են վերաբերում:

Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռուսաստանում գնաճը կազմել է 13,7 տոկոս, Բելառուսում՝ 17,4 տոկոս, Մոլդովայում՝ 34 տոկոս, ԱՄՆ-ում՝ 8,2:

Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրված գնաճին, Մարտին Գալստյանը հայտնեց, որ հոկտեմբերի վերջի տվյալներով գնաճը կազմել է 9,5 տոկոս:

«9,5 տոկոս գնաճ, ինչը բավականին բարձր է մեր թիրախի համեմատ՝ մեր թիրախը 4 տոկոս է: ԿԲ-ի քաղաքականության ողջ գործիքակազմը միտված է այդ գնաճի խնդիրը լուծելուն ու մեր գնահատականների համաձայն հիմա արդեն որոշակի կանխատեսումներ անելը դարձել է չափազանց անշնորհակալ գործ, որովհետև մենք ակնկալում էինք, որ այս տարվա երկրորդ եռամսյակին էինք վերադառնալու թիրախին, ու հիշում եք, որ փետրվար ամսին գնաճը անշեղորեն նվազելով հասել էր 6,5 տոկոսին՝ թիրախի 4 տոկոսի համեմատ ու  նվազելու էր, այն էլ փետրվար ամսին տեղի ունեցավ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որի արդյունքում համաշխարհային գները կրկին սկսեցին աճել»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով, գործիքակազմի առումով նախ տոկոսադրույքներն են բարձրացնում, երկրորդը՝ կա որոշակի արտաքին պահանջարկով և արտաքին միջամտությամբ պայմանավորված փոխարժեքի արժևորում, որը ևս օժանդակում է.

«Մեր գնահատականների համաձայն, եթե օրինակ փոխարժեքը չարժևորվեր, ապա գնաճը կլիներ 15 տոկոսին մոտ՝ այսօրվա 9,5-ի համեմատ: Դրական նորությունների տեսանկյունից պետք է արձանագրենք, որ ՖԱՈ ինդեքսը՝ համաշխարհային ապրանքների ինդեքսը շարունակաբար նվազում է պայմանավորված աշխարհում թե՛ առաջարկի որոշակի վերականգնմամբ, ինչպես նաև զարգացած երկրներոմ պահանջարկի որոշակի նվազմամբ: Գիտեք որ տնտեսական աճը վերանայվեց արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ համաշխարհային տնտեսական աճը մյուս տարվա համար 1 տոկոսային կետով ավելի ցածր է լինելու: Հոկտեմբերի կանխատեսումը ապրիլի կանխատեսման համեմատ՝ այստեղ ունենք ապրանքահումքային որոշակի գնային նվազում և ունենք կոնտեյներային տեղափոխումների գների էական նվազում»,- նշեց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ ունենք նաև եվրոյի որոշակի արժեզրկում ամերիկյան դոլարի ու հայկական դրամի նկատմամբ, ուստի կարելի է հույս հայտնել, որ առնվազն եվրոպայից ներմուծվող ապրանքների մասով՝ որոշակի լագով պետք է տեսնենք այդ ապրանքների գների էական նվազում Հայաստանում:

«Երկրորդ մասը, որին կարելի է անդրադառնալ՝ գների ապագա զարգացումների մասով՝ կարգավորվող գների հետագա ընթացքն է ։Եթե չեմ սխալվում, տարին մեկ անգամ է վերանայվում հանձնաժողովի կողմից ու մենք ակնկալում ենք, որ այդտեղ թե գազի, թե էլեկտրաէներգիայի գների որոշակի նվազում է լինելու, որովհետև ինչպես բազմիցս հանձնաժողովը նշել է՝ գնի կոմպոնենտի էական մասը փոխարժեքն է»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա շեշտեց, որ ԿԲ-ն իր ունեցած ակնկալիքներով ու վարած քաղաքականության արդյունքում գնաճը կվերադարձնի թիրախին՝ մյուս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում:

«Եվ մեկ բան էլ, ես և պարոն Խաչատրյանը Վաշինգտոնում էինք՝ արժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարհային բանկի տարեկան ժողովին: Բոլոր բանախոսներն ում ես լսել եմ, միանշանակ նշում են, որ միայն դրամավարկային քաղաքականությունը, կամ միայն ֆիսկալ քաղաքականությունն այս խնդիրը չեն կարող լուծել ու այստեղ հստակ կոորդինացման խնդիր է պետք՝ երկու կողմից էլ պետք է զսպող լինի»,-ընդգծեց Մարտին Գալստյանը:

  • Կիսվել: