երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանում խոշոր բիզնեսը կլանում է փոքր և միջին բիզնեսին․ «Փաստ»

Հայաստանում խոշոր բիզնեսը կլանում է փոքր և միջին բիզնեսին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գորւմ է․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, բազմիցս խորհրդարանի ամբիոնից խոսել է մենաշնորհների անթույլատրելիության և մրցակցության խթանման մասին, և նրա սիրած օրինակները հիմնականում վերաբերում էին բանանի, շաքարավազի ներկրմանը և այլն։ 

Վարչապետ դառնալուց հետո էլ Փաշինյանը շարունակում է անդրադառնալ մենաշնորհների դեմ պայքարին և խոսել փոքր և միջին բիզնեսին խրախուսելու անհրաժեշտության մասին, սակայն թե որքանով են նրա հայտարարությունները արտացոլվում իրական քաղաքականության մեջ, այլ հարց է։

Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13,5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 

Այս ցուցանիշները որպես ձեռքբերում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց նաև Փաշինյանը՝ հատուկ ընդգծելով, թե 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Թվում է, թե խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելացումը դրական է տնտեսության համար, սակայն պետք է նկատել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։

Հայաստանում տևական ժամանակ ականատես ենք լինում մի երևույթի, երբ խոշոր բիզնեսը կլանում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ նրանց մրցակցությունից դուրս թողնում։ 

Օրինակ՝ ակնառու է, թե ինչպես են մանր խանութներն ու կրպակները փակվում խոշոր սուպերմարկետների և մոլերի բացմանը զուգահեռ։ 

Այսինքն՝ խոշոր բիզնեսի բարգավաճումը հիմնականում տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին:

Զարգացած և դինամիկ տնտեսական համակարգ ունեցող երկրներում փոքր և միջին բիզնեսը վճարում է ընդհանուր հարկերի գերակշռող մասը, քանի որ այս սեկտորն ապահովում է տնտեսության հիմնական մասնաբաժինը, քանի որ խոշոր բիզնեսը և մենաշնորհները շատ հաճախ կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսության զարգացման համար։ 

Եվ պատահական չէ, որ այդ երկրների կողմից այնպիսի քաղաքականություն է տարվում, որ խոշոր բիզնեսը տնտեսության մեջ ունենա որոշակի սահմանաչափ։ Դրա համար էլ փոքր բիզնեսին տրվում են հարկային արտոնություններ, որոշակի գործիքակազմով խրախուսվում է նրանց գործունեությունը և այլն։

Եվ թվում է, թե մեր կառավարությունն էլ տարբեր քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի գործունեության պայմանները բարելավվեն և տնտեսության այս հատվածի մասնաբաժինը ավելանա, որն էլ կդառնա կառավարության՝ մենաշնորհների դեմ պայքարի և մրցակցությունը խրախուսելուն ուղղված քաղաքականության լավագույն օրինակը, սակայն սրա փոխարեն տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը շարունակում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին արտոնություններ տալ։

Իրականում վարչապետն ավելի շատ պետք է հպարտանար ոչ թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչների վճարած հարկերի ավելացմամբ, այլ այն ցուցանիշներով, թե ինչքան է բարելավվել փոքր ու միջին բիզնեսի դրությունը Հայաստանում և ինչքանով է ավելացել այս հատվածի տնտեսվարողների վճարած հարկերի մասնաբաժինը։

Հասկանալի է, որ խոշոր բիզնեսը տնտեսության համար բազմաթիվ հավել յալ արդյունքներ է ապահովում, բայց չպետք է թույլ տալ, որ խոշոր բիզնեսի մասնաբաժինն աճի փոքր ու միջին բիզնեսի հաշվին։ 

Կառավարությունն այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ ոչ թե փոքր տնտեսվարողները դուրս մնան դաշտից, այլև ավելի մրցունակ դառնան։ Փոքր ու միջին բիզնեսին բացի արտոնություններ տրամադրելուց, շատ կարևոր է նաև դրանց զարգացման համար լրացուցիչ ներդրումային միջոցների ներգրավումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: