Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու. Պապոյան
Հայաստանից լոլիկ արտահանվում է ու նաև մեծ քանակությամբ հենց մեր երկրում է վաճառվում։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրների մասին:
Նա, մասնավորապես, նշեց. «Այո՛, շուկայում կան որոշակի փոփոխություններ։ Հիմա, օրինակ, լոլիկի գները մի քանի անգամ ցածր են, քան անցած տարի էր։ Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է ստեղծում, սպառողների համար ուրախալի լուր է»։
Ըստ նախարարի՝ նոր դիվերսիֆիկացված շուկաների դեպքում արտահանման խնդիրները մինիմալի կհասնեն։
«Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու։ Մի այսպիսի բան պետք է լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսֆիկացվեր, հակառակ դեպքում համոզելով, խնդրելով որևէ բան տեղի չէր ունենա»,-ասաց Պապոյանը։
Նա նաև հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ տվյալ չունեն որևէ բիզնեսի փակման մասին, այլ ընդհակառակը՝ իրենք, որպես լիազոր մարմին, տարատեսակ աջակցություններ են բիզնեսին տրամադրում։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԵՄ–ի կողմից տրվող 35 մլն եվրո աջակցությունը մեր երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնելու նպատակ ունի՞։
Ի պատասխան՝ Պապոյանն ասաց. «Լավ էլի, ժողովուրդ, ե՞րբ եք տեսել մեզ հակառուսական տրամադրություն գեներացնելիս, լավ էլի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Հունիսի 26-ին Ռուսաստանն ընդլայնեց Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։



