Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է. փոխվարչապետ
Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է: Այս մասին ՛՛Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար՛՛ միջոցառման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
՛՛Այս տեսանկյունից՝ տեխնոլոգիական առաջընթացի և տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրման կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առաջնորդվելով այս գիտակցմամբ՝ Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, որը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար՛՛,-հավելեց նա:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՛՛Էնթերփրայզ Արմենիա՛՛ ներդրումների աջակցման կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՛՛Հայաստանի գործարար միջավայրի բարելավում՛՛ ծրագրի աջակցությամբ:
Միջոցառմանը, բացի փոխվարչապտից, մասնակցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիեն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր, ամփոփելով ՛՛Էնթերփրայզ Արմենիա՛՛ ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել դրանց շուրջ պետական լիազոր մարմինների, ոլորտի փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:
Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց. ՛՛Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները ծավալել են կառուցողական երկխոսություն՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և առաջարկելով անհրաժեշտ լուծումներ: Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին՛՛:
Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՛՛Հայաստանի գործարար միջավայրի բարելավում՛՛ ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը և մասնավոր հատվածին՝ պետություն-մասնավոր երկխոսության միջոցով, բարելավելու քաղաքականությունը, օրենքներն ու կանոնակարգերը, որոնք անհրաժեշտն են ներդրումները, առևտուրը և մրցունակությունը խթանելու համար: