շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի և Ղազախստանի գործարարները նախանշել են երկկողմ առևտրի ընդլայնման կոնկրետ ուղիները

Հայաստանի և Ղազախստանի գործարարները նախանշել են երկկողմ առևտրի ընդլայնման կոնկրետ ուղիները

Ղազախստանի գործարարների առաքելությունը մարտի 27-ից 31-ը այցելել է Հայաստան և ծանոթացել Հայաստանի բիզնես միջավայրին։

Գործարարների պատվիրակության այցելության կարևոր արդյունքը եղել է «Աստանա» դիվանագիտական ակումբի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Փաստաթուղթն ուղղված է տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը, առևտրի ընդլայնմանը, ներդրումների, ՏՏ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների ստեղծմանը: Հուշագրում դրված նպատակների իրականացմանը կնպաստի, մասնավորապես, ղազախա-հայկական բիզնես ակումբի ստեղծումը։

Հուշագիրը ստորագրվել է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակներում, որն օգնել է նախանշել երկկողմ առևտրի ընդլայնման կոնկրետ ուղիները: Հաշվի առնելով երկու երկրների գործարարների կողմից այս աշխատանքը շարունակելու նկատմամբ փոխադարձ մեծ հետաքրքրությունը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահն առաջարկել է արդեն այս տարի Աստանայում անցկացնել երկրորդ նման գործարար համաժողովը:

Բիզնես առաքելության շրջանակներում Ղազախստանի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ: Կողմերը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, հեռանկարային նախագծեր, համատեղ ստարտափներ գործարկելու և երկկողմ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվել են ՏՏ համաժողովներ անցկացնել Ղազախստանում և Հայաստանում։

Ղազախստանի գործարար առաքելության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող խոշորագույն «SIS Natural» ընկերություն, ինչպես նաև ոսկերչական իրերի արտադրության տարածաշրջանային առաջատար Երևանի ոսկերչական գործարան:

Ղազախստանի հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրությունը ցուցաբերվել Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպումների ժամանակ: Այնտեղ ղազախական պատվիրակությունը ներկայացրել է «Սերգեկ» նախագիծը ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, քննարկվել են նաև կրթության թվայնացման, սոցիալական օբյեկտների կառուցման ոլորտում համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ նախագծերի համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր և նախապատրաստել քննարկված նախաձեռնությունների իրականացման գործողությունների պլանը, ներառյալ՝ մասնագետների փոխայցելությունների կազմակերպումը՝ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման նպատակով:

Արդյունավետ եղավ հանդիպումը ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը կրթության և գիտության, թվայնացման ոլորտներում, ակտիվացնել ուսանողական փոխանակումները, ինչպես նաև անցկացնել Ղազախստանի և Հայաստանի բուհերի ռեկտորների համաժողով:

Բիզնես առաքելության այցի շրջանակում ղազախ գործարարները ծանոթացել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի գործունեությանը։

Մեկ այլ կարևոր ուղղություն, որը քննարկվել է նաև բիզնես առաքելության շրջանակներում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն է:  

Այժմ Հայաստանն իրականացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել իր առևտրատրանսպորտային երթուղիները։ Ղազախստանն, իր հերթին, ունի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածք և լավ կարգավորված տրանսպորտային միջանցքներ՝ դառնալով հուսալի կամուրջ, որը կապում է Եվրոպան և Ասիան: Երկու երկրների տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների զուգակցման տեսանկյունից մեծ հեռանկարներ կան, մասնավորապես, «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղային երթուղու ներուժի օգտագործման շրջանակներում, որը Հայաստանի համար նոր ճանապարհ կբացի դեպի Չինաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիների ընթացքում Ղազախստանը և Հայաստանը բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամուր կապեր են հաստատել: Ղազախստանում բնակվում է շուրջ 25 հազար հայ, գործում է 14 մշակութային հայկական դպրոց: Ղազախստանում աշխատում է 435 ընկերություն՝ հայկական կապիտալի մասնակցությամբ, Հայաստանում ՝ 100-ից ավելի՝ ղազախական կապիտալի մասնակցությամբ։

Երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճում է, միայն 2023 թվականին փոխադարձ առևտուրն աճել է 23 տոկոսով՝ հասնելով 53 մլն դոլարի։ Բայց հետագա աճի հնարավորություններ կան։ Այսպես, օրինակ, Հայաստանը պատրաստ է ավելացնել դեղագործական և տեքստիլ արտադրանքի, շինանյութերի, կենցաղային քիմիայի, սննդամթերքի (ձուկ, պանիր, պահածոյացված և սառեցված մրգեր և բանջարեղեն, հանքային ջրեր, ծաղիկներ, ալկոհոլային արտադրանք և այլն) մատակարարումները Ղազախստան։ Ուղիղ B2B կապերի հաստատումը կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։

Այս համատեքստում բիզնես առաքելության ծրագրի կարևոր կետերից էին միջազգային առևտրի պալատի Հայաստանի ազգային կոմիտեի և «Mantashyants» միջազգային բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Հայկական գործարար համայնքի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Ղազախստանի հետ ֆինանսական տեխնոլոգիաների, ներդրումների ոլորտում համագործակցության հարցում, ինչպես նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցել ղազախստանցի ներդրողներին և գործարարներին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Միջոցառումն անցկացվել է Հայաստանում Ղազախստանի և Ղազախստանում Հայաստանի դեսպանությունների աջակցությամբ, բիզնես առաքելության հաջող իրականացմանը աջակցել են նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և առևտրաարդյունաբերական պալատը:

  • Կիսվել: