երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայ-ֆրանսիական համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր

Հայ-ֆրանսիական համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանի հետ:
 
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել նորարարական վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ գյուղի
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կենտրոնի տարածքում։
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր համարել նման նախաձեռնությունները, քանի որ ծրագիրն իր մեջ ներառում է նաև նորագույն հետազոտությունների և զարգացման ինստիտուտի ստեղծում:
 
Վաչե Տերտերյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարության նպատակն է բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումների ծավալները՝ որպես երկրի կայուն զարգացման կենսական անհրաժեշտություն, և ձևավորել կանաչ տնտեսություն, այդ թվում՝ արդյունավետ և նորարարական էներգետիկ լուծումների մշակման միջոցով:
 
«Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ընկերությունն ունի նորարարական լուծումների մշակման, ֆինանսավորման և կառավարման ոլորտում ճանաչված փորձ, այդ թվում՝ արևային և ջրածնային էներգետիկայի ոլորտում։
 
Սեդեֆյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու համար նման ծրագրերի իրականացումը, քանի որ Ֆրանսիան և Հայաստանը ներգրավված են տնտեսական համագործակցության ամուր գործընթացում:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության և «Սոլ Ժես Էներջի» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
 

  • Կիսվել: