երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Համավարակի պատճառով կառավարությունը, բնական է, պետք է դիմեր ու արտաքին աղբյուրներից պարտք ներգրավեր․ Դաշնակցական տնտեսագետ

Համավարակի պատճառով կառավարությունը, բնական է, պետք է դիմեր ու արտաքին աղբյուրներից պարտք ներգրավեր․ Դաշնակցական տնտեսագետ

Պետական պարտք ունենալը սովորական ու տարածված երևույթ է և այնպես չէ, որ եթե ունես պետական պարտք, ուրեմն վտանգավոր երկիր ես համարվում, InfoPort.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հ․ Յ․ Դաշնակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,981.6 մլն դոլար, իսկ ՀՀ պետական պարտքը՝ 7,718.8 մլն դոլար։ «Կայուն զարգացող երկրներն էլ ունեն պետական պարտք, որը աճում է, քանի որ աճում են նաև այդ երկրների տնտեսությունները», - նշեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով, կարևոր է արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն՝ որպես երկիր ինչ պոտենցիալ ունես և որքան է քո ունեցած պարտքը այդ պոտենցիալի հարաբերակցությամբ։

«2018-19-20 թվականներին մենք ունենք ցուցանիշների վատացում, որովհետև 2018-ից հետո մինչև այսօր 6,7 մլրդ դոլար մեր արտաքին պարտքը մոտենում է 8 մլրդ դոլարի, այսինքն՝ 2018-19 թվականներին մեր ՀՆԱ-ն աճել է ընդամենը 13 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ շուրջ 20 տոկոս։ Այսինքն՝ արտաքին պարտքը ՀՆԱ-ից աճել է 1,5 անգամ ավելի արագ։ Սա իհարկե, մտահոգիչ է և դիտարկելի է միջազգային կառույցների կողմից», - հավելեց տնտեսագետը։

Մասնագետը նկատեց նաև, որ կարևոր է, թե որպես պարտք վերցվող միջոցները ինչի՞ վրա են ծախսվում․

«Եթե դրանք ծախսվում են սոցիալական խնդիրները լուծելու վրա, նշանակում է, որ փաստորեն, մեր ապագայից միջոցներ ենք վերցնում այսօրվա խնդիր լուծելու վրա։ Եթե սա իր մեջ կայուն զարգացման ուղենիշ չի պարունակում, կնշանակի, որ մենք մեր հետագա զարգացման ներուժը ծախսում ենք այսօրվա սոցիալական հարցերը, հետևանքները լուծելու վրա։ Սա արդյունավետ չէ»։

Հարցին՝ կարո՞ղ էր կառավարությունը պարտք չվեցրնել, Ավետիսյանը պատասխանեց․

«Համավարակով պայմանավորված կառավարությունը բնական է, պետք է դիմեր պարտք վերցնելու ու արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելու համար։ Նաև պետք է նկատի ունենալ, որ հարկային եկամուտներն են կրճատվել։ Բայց այստեղ չափի ու արդյունավետության խնդիրն է, որովհետև եթե համավարակի ամենասկզբում հակաճգնաժամային արդյունավետ կառավարում ունենայինք, կարծում եմ, այսչափ չէին խորանա սոցիալական խնդիրները և այսչափ պարտք վերցնելու անհրաժեշտություն չէր առաջանա»։

Նկատենք, որ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ «ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով և ժամանակին կատարել է պարտքի սպասարկման և մարման գծով փոխատուների հանդեպ իր ստանձնած բոլոր պարտավորությունները, որի արդյունքում թե ներքին և թե արտաքին գործընկերների մոտ ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն: Ապագայում ևս ՀՀ կառավարությունը, ՀՀ կառավարության պարտքի պորտֆելին բնորոշ ռիսկերի կառավարման միջոցով, ժամանակին և ամբողջ ծավալով կիրականացնի ՀՀ կառավարության պարտքի սպասարկումը»:

  • Կիսվել: