ՀԱԷԿ-ի համար տրամադրվող վարկից հրաժարվելու մասին ՌԴ-ն պաշտոնապես տեղեկացվել է հունիսին, նոր բանակցություններ չկան. Ֆիննախ
ՀՀ ֆինանսների նախարարությունը ս.թ. հունիսի 18-ի գրությամբ տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարարությանը ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման (2020 թվականի հունիսի 11-ի թիվ 945-Ա որոշում) մասին` Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հետագա ֆինանսավորումը սեփական միջոցներով իրականացնելու և ռուսական վարկի հետագա օգտագործումից հրաժարվելու մասին:
Tert.am-ին այս մասին հայտնեցին Ֆինանսների նախարարությունից` պատասխանելով հարցմանը, թե արդյոք պաշտոնապես դիմել են ՌԴ ֆինանսների նախարարությանը վարկից հրաժարվելու հարցով, և եթե այո, ապա երբ, եթե ոչ, ապա ինչու:
«Նշված ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) է: Նշվածի մասով ՏԿԵՆ նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն չի ստացել»,- նշել են նրանք` պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք նախարարությունը նախատեսում է ռուսական առաջարկվող վարկից օգտվել 2022թ-ից հետո:
Նշենք, որ հարցումն ուղարկել էր այն պատճառով, քանի որ Tert.am-ի ռուսաստանցի աղբյուրը դեռևս հուլիսի 2-ին հայտնել էր, որ չնայած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ հրաժարվել են վարկի մնացած մասից, սակայն Ռուսաստանին ՀՀ-ը այդ խնդրով պաշտոնապես չի դիմել:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանի հայտարարությանը հունիսի 11-ին հաջորդել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսը, որը ևս հերքել էր լուրը, որ ՀՀ-ը հրաժարվել է վարկից: Նա հիշեցրել էր, որ վարկի մեծ մասն (270 միլիոն դոլարից 200 միլիոնը) արդեն ծախսվել է։
«Խոսքը մնացած մասին է վերաբերում։ Ցավոք, մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը աշխատանքները չեն ավարտվել։ Պատճառների մասին չեմ խոսի. դրանք տարբեր են։ Վարկի հետաձգման հարց ծագեց։ Այդ կապակցությամբ մեր երկրների ֆինանսների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել և անցկացնում, և հարցը փակված չէ»,-նշել էր նա:
Հարցի փակված չլինելու հանգամանքը նշել էր նաև Tert.am-ի աղբյուրը: «Ռուսական կողմը հայտնել է, որ թեման չի փակվել: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները և գալ համաձայնության, որը ձեռնտու կլինի երկու կողմերի համար էլ: Ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին, որն էլ իր հերթին դա ներկայացրել է ֆինանսների նախարարությանը։ Փոխնախարարը հայտնել է պատրաստակամություն բանակցությունները շարունակելու։ Բայց դեռ ֆինանսների նախարարության դիրքորոշումն այս մասին հայտնի չէ»,- ասաց նա՝ ենթադրելով, որ նշյալ դիրքորոշումը հայտնի է նաև Սուրեն Պապիկյանին և կառավարության ղեկավարին։
«Կասկած չկա, որ վարկի ձեռքբերման վերաբերյալ խորհրդակցությունները երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև շարունակվելու են: Հայաստանի բյուջեի միջոցներն օգտագործվելու են այս երկու տարիների աշխատանքների համար, իսկ հետագայի համար խելամիտ է օգտագործել ռուսական վարկի մնացած մասը, ինչով հետաքրքրված են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը»,- նշել էր նա:
Tert.am-ի մեկ այլ հարցի, թե արդյոք կա՞ն բանակցություններ ռուսական կողմի հետ կամ այլ ժամկետներում վարկ վերցնելու վերաբերյալ, ֆինանսների նախարարությունից պատասխանել էին. «Շահառու գերատեսչությունից (տվյալ դեպքում՝ ՏԿԵՆ) նման հայտադիմում ՀՀ ֆինանսների նախարարությունը չի ստացել, հետևաբար նման բանակցություններ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չեն վարվում»: