շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գործատուն կտուգանվի աշխատողին արձակուրդ չտրամադրելու համար

Գործատուն կտուգանվի աշխատողին արձակուրդ չտրամադրելու համար

Եթե գործատուն 18 ամիս հետո շարունակի կրկին չտրամադրել ամենամյա արձակուրդը, ապա կտուգանվի 0,15 տոկոսի չափով՝ հաշվարկը կատարելով միջին ամսական աշխատավարձից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: 

Նա ներկայացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով  նոր կարգավորումներ են սահմանվել արձակուրդի տրամադրման ժամկետների հետ կապված: Գործող աշխատանքային օրենսգրքով կա հստակ կարգավորում, որ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, այն էլ աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ: Լինում են դեպքեր, որ նշված ժամկետից ավելիի դեպքում  էլ աշխատողը արձակուրդի հնարավորություն չի ստանում: Ըստ նրա, մի կողմից ստացվում է, որ օրենսդրությամբ կա կարգավորում, սակայն իրականությունն այլ է: Խնդիրը լուծելու համար նոր փոփոխություններով առաջարկվում է գործատուին տուգանել:

«Ամեն դեպքում, համաչափության սկզբունքը պահելու համար հավելյալ իրավունքներ ենք նախատեսել նաև գործատուների համար: Մի պարզ պատճառով ենք դա արել, որովհետև միշտ չէ, որ գործատուի կողմից ամենամյա արձակուրդ չտրամադրելը հենց ուղիղ գործատուի մեղավորությունն է: Շատ դեպքերում գործատուն չի տրամադրում, որովհետև աշխատողն ամենամյա արձակուրդի գնալու դիմում չի գրում: Մենք նախագծով առաջարկում ենք, որ եթե ամենամյա արձակուրդը տեղափոխելուց հետո 18 ամիս անց ևս աշխատողն արձակուրդ գնալու դիմում չի գրում, ապա գործատուն այլևս կարող է չսպասել դիմումին և իր հրամանով ուղարկել արձակուրդ»,-ասաց Ժորա Սարգսյանն՝ ընդգծելով, որ այս փոփոխությունների նպատակն է ապահովել աշխատողի հանգստի իրավունքը:

Աշխատանքային օրենսդրությունը միայն տարածվում է աշխատողների վրա, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր: Եթե կնքված է քաղաքացիաիրավական ծառայության պայմանագիր, ապա տվյալ դեպքում անձը համարվում է ծառայություն մատուցող, ոչ թե աշխատող և նրա վրա աշխատանքային օրենսդրությունը չի տարածվում: 

  • Կիսվել: