Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը
Երևան քաղաքի նոր հատակագծի հաստատումը խիստ պահանջներ է առաջադրել, այն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945, իսկ սեփական հողամասերում 3313 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե է վճարվել մոտ 9 միլիարդ 109 միլիոն դրամ:
«Հարկ եմ համարում նշել, որ 2014 թվականին կայացված որոշումների քանակը կազմում է հիշյալ ժամանակահատվածում կայացված որոշումների ընդհանուր թվի 10 տոկոսը:Վարչության կողմից վարվող վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին նկատվել է օրինականացման որոշումների քանակի նվազում, որի համար առկա է հետևյալ հանգամանքը՝ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հաստատումը, որը խիստ պահանջներ է առաջադրել, անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ շինությունների օրինականացման պրոցեսը»,-հավելեց Բարսեղյանը: