ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամուրջը 3 տարի է` նորոգվում է. Փաշինյանի անդրադարձը խնդրին

Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամուրջը 3 տարի է` նորոգվում է. Փաշինյանի անդրադարձը խնդրին

Երևան–Սևան ավտոճանապարհին, շշերի գործարանի հարակից հատվածում գտնվող կամրջի վերանրոգումը սկսվեց Սևանի հանգստի սեզոնի մեկնարկին ու ավարտվեց սեզոնի ավարտին։ Այսօր կառավարության նիստում մի շարք ճանապարհաշինական ծրագրերի քննարկման առիթով նման նկատառում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

«Ճանապարհի մի ուղղությանը ամիսներով փակ էր, ու ճանապարհի այդ հատվածում ամեն օր, էլ չեմ ասում` շաբաթ–կիրակի ու տոն օրերին, ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր։ Սա, կարծում եմ, շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով»,– ասաց Փաշինյանը` կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով աշխատանքների պլանավորման խնդիրների վրա։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արձագանքելով վարչապետի դիտարկմանը, հայտնեց, որ կամրջի շինարարությունն առայժմ ավարտված չէ։ Նրա խոսքով` Հայաստանում կամուրջների շինարարությունը լուրջ խնդիրների է հանդիպում։
 

«Հայաստանում չկա որևէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ–որ բաներ լինեն արտադրված, որ երբ կամուրջը քանդեն, գնան–բերեն, սկսեն տեղադրել։ Երբեք չեն կարողանում կամրջի նախագիծը ճիշտ կազմել։ Մի բան նախագծվում է, բայց, երբ որ կամուրջը քանդում են, մի շարք խնդիրներ են բացվում, որոնք տեսանելի չէին»,– ասաց Սանոսյանը։

Նա նաև հայտնեց, որ կամրջի շինաշխատանքների ընթացքում պարզվել է, որ պայթյունից հետո կամրջի որոշ հատվածներ շատ ավելի են վնասված, քան նախապես ենթադրվում էր։ Արդյունքում լրացուցիչ աշխատանքների կարիք է առաջացել։
Սանոսյանը նշեց, որ դրանով է պայմանավորված նաև աշխատանքի դանդաղ ընթացքը, քանի որ շինարարները սպասում են` մինչև անհրաժեշտ բետոնե կոնստրուկցիաներ պատվիրվեն, արտադրվեն, որպեսզի կարողանան աշխատանքները շարունակել։
Եվ, քանի որ առաջիկայում Հայաստանում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերով տասնյակ կամուրջների նորոգում ու շինարարություն է ծրագրված, Սանոսյանը հույս հայտնեց, որ ոլորտը կակտիվանա ու դետալները կսկսեն ավելի արագ պատրաստել։

  • Կիսվել: