կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափը կմեծանա

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափը կմեծանա

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Խորհրդակցության ժամանկ նշվել է նաև, որ «Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Քաղաքապետն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:

  • Կիսվել: