ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին

Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին

Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):

Հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում հարց է հնչեցվել կաթնամթերքի շուկայում իրականացվող անկախ հետազոտության մասին։

 

«Տեղեկացնում ենք, որ մտահոգությունն անհիմն է և առաջարկում ենք հետևել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին. սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, դրանք լայնորեն տարածվել և լուսաբանվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով։

Տեղեկանք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք):

Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։

Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:

Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: