ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ոչ մի տարի մեր գյուղացիական տնտեսությունները, վստահ եմ, այսքան գոհ չեն եղել Կառավարությունից։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Նրա խոսքով՝ իշխող ուժն աջակցել է պարարտանյութի ժամանակ, աշնանացան-գարնանացան ցորենի ժամանակ, աջակցել է դեղձի, ծիրանի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խաղողի մթերման ժամանակ։

«Էն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Հայաստանի դեմ, ունեին նպատակ՝ փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների, բայց այդ 400 հազար մարդու փոխարեն փողոց է դուրս եկել 400 մարդ։ Դրա համար դուք էդտեղ եք նստած, մենք՝ էստեղ, որովհետև մենք մեր քաղաքացիների խնդիրներն օպերատիվորեն լուծում ենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դա եղել է Կառավարության ճիշտ աշխատանքի շնորհիվ։

Պապոյանը նշեց՝ սահմանափակումների հետևանքով ոչ մի բան տեղի չի ունեցել՝ սահմանափակումները դրվել են, 40 հազար տոննա դեղձը մթերվել վաճառվել է, 200 հազար տոննա խաղողը վաճառվել է։

«Ցավոք սրտի թե բարեբախտաբար, գյուղատնտեսության մասնաբաժինը մեր երկրի տնտեսությունում գնալով իջնում է, որովհետև Հայաստանն ագրարային երկիր չի, որ գյուղատնտեսության մասնաբաժինը մեծ լինի։ Այդ սահմանափակումների հետևանքով ընդամենը 60 միլիոն դոլարի շուկա է կորել այն պարագայում, երբ տնտեսության բազմաթիվ այլ ոլորտներում փոքրիկ աճերը կգան և արտահանման կորուստները կլրացնեն», - ասաց նա։

Պապոյանի խոսքով՝ դա է պատճառը, որ Հայաստանն այս տարի ևս ունի շատ բարձր աճ, և, ամենայն հավանականությամբ, եվրոպական տարածաշրջանում մենք կունենանք երկրորդ ամենաբարձր տնտեսական աճը։

  • Կիսվել: