ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ, հայտնել են Դատախազությունից:

«Վարչական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի վճռով հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողատարածքը և 161.20 քմ մակերեսով շինությունը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Վեդի քաղաք ավտոդրոմ հասցեի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արարատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի վերոնշյալ գույքերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: