ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնը» և «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը» կվերանորոգվեն

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնը» և «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը» կվերանորոգվեն

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ավելացնել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» և «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ավելի վաղ նախատեսված է «Երևանում այրվածքաբանական, մաշկաբանական և վնասվածքաբանական բազմապրոֆիլ ծառայություններ մատուցող նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցում»: Սակայն հաշվի առնելով այն, որ նոր շենք չի նախատեսվում կառուցել, անհրաժեշտություն է առաջացել  «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում իրականացնել ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` կենտրոնի շենքային պայմանների բարելավում և տանիքի վերանորոգում:

Նախատեսվում է ավելացնել Ընկերության կանոնադրական կապիտալը 86,600.0 հազ. դրամի չափով:

Բացի այդ «Ավանի հոգեկան առողջության կենտրոնում» կառուցման (1971թ.) օրվանից մինչ օրս իրականացվել է կենտրոնի մասնակի վերանորոգում, որի շրջանակներում կենտրոնի կանոնադրական կապիտալն ավելացել է 99,915.1 հազար դրամով, որն ուղղվել է կենտրոնի վերանորոգման, բժշկական ծառայությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

Ներկա պահին նախատեսվում է իրականացնել վարչական մասնաշենքի առաջին հարկի, նկուղային հարկի, երրորդ հարկում տեղակայված երկրորդ /կանանց/ բաժանմունքի մասնակի վերանորոգում` ապահովելու նվազագույն պայմանները՝ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար։ Այս նպատակով նախատեսվում է «Ավանի հոգեկան առողջության կենտրոնին» որպես կանոնադրական կապիտալի ավելացում հատկացնել 124.997,6 հազար դրամ կազմակերպության մասնակի վերանորոգում իրականացնելու համար։

Առողջապահության նախարարության կողմից նախաձեռնվել է հանրապետական շտապ օգնության ծառայության ստեղծումը: Այս ընկերությանը կտրվի 242,6 մլն դրամի դրամաշնորհ, որն ուղղվելու է հանրապետական ծառայության ստեղծման` 1-03 ծառայության համալրման, անհրաժեշտ հագեցվածության ապահովման և գործող ենթակառուցվածքների բարելավման համար:

Այս որոշմամբ նախատեսվում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել 3 մլն դրամ, որպես դրամաշնորհ թվով 10 համակարգիչների ձեռքբերման համար: Բացի այդ, «Դատաբժշկական փորձաքննություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն առաջարկվում է ավելացնել 40 մ,լն դրամով` իրավապահ մարմինների որոշումներով նախատեսված փորձաքննությունները պատշաճ իրականացնելու նպատակով:

Նախատեսվում է նաև հատկացնել 3 մլն դրամ, որպես դրամաշնորհ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին` թվով 10 համակարգիչներ ձեռք բերելու համար:

  • Կիսվել: