կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Արմաթ» լաբորատորիաների թիվը կրկնապատկվել է 4 ամսում. Նախարարը հերքում է Կարեն Վարդանյանի հայտարարությունը

«Արմաթ» լաբորատորիաների թիվը կրկնապատկվել է 4 ամսում. Նախարարը հերքում է Կարեն Վարդանյանի հայտարարությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարությունը, թե դադարեցվել է «Արմաթ» լաբորատորիաների ներդրման համար պետական ֆինանսավորումը:

«Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, որն իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: ԿԳՄՍ-ն հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ: Հ.Գ. ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը «Լրատվական» ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ԿԳՄՍ նախարարությունում սաբոտաժ է իրականացվում, ինչն արտահայտվել է «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման դադարեցմամբ:

  • Կիսվել: