ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար

Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար

Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում:

Ներկայացելով գործող կարգավորումները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ այդ գործարքի նկատմամբ կիրառելի են Հարկային օրենսգրքի կարգավորումները. ազատված գործարքին վերագրվող ԱԱՀ-ի դեբետային գումարները (գործարքին վերագրվող ձեռքբերումների գներում ներառված գումարները)՝ որպես մատակարարներին վճարված ԱԱՀ գումարներ, հաշվանցման ենթակա չեն եւ պետք է սահմանված կարգով միացվեն այդ ապրանքների ինքնարժեքին: Մյուս կողմից՝ գործող օրենսդրությամբ այդ խտանյութը կամ համաձուլվածքը՝ դոռեն, Հայաստանից արտահանելու հնարավորություն կա:

Փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը եւ նշել. «Ընդհանուր սահմանված կանոնի ներքո հետ ստանալ արժեշղթայի նախորդ օղակում վճարված ԱԱՀ-ն, ոսկու զտարկումը կազմակերպել արտերկրում, այնուհետ զտարկված ոսկին ներմուծել ՀՀ, որը տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա չէե: Արման Պողոսյանի խոսքով առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջեւ. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է:

«Դոռեի օտարումը շարունակվում է համարվել ԱԱՀ-ից ազատված գործարք, բայց հնարավորություն է տրվում դրա ստացման նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել եւ ըստ այդմ՝ հարկային միջավայրը համապատասխանաբար հավասարեցնել այն նույն վիճակին, որն ունեն տնտեսվարողները, եթե ընտրել են դոռեն արտահանելու, արտերկում զտարկում կազմակերպելու եւ պատրաստի ոսկին ներմուծելու ճանապարհը»,- ընդգծել է փոխնախարարը` նոր կարգավորումը ներկայացնելով: Նա պարզաբանել է նաեւ, որ ոսկյա զարդերը կհարկվեն ԱԱՀ-ով:

Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ գործարար միջավայրը պատրա՞ստ է մշակման եւ վերամշակման գործընթացների կազմակերպմանը հարցին ի պատասխան՝ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովի անդամները եղել են Երեւանի ոսկերչական գործարանում, ծանոթացել ժամանակակից տեխնիկային եւ համոզվել, որ գործարանը պատրաստ է ամբողջ շղթան կազմակերպելու: Փոխնախարար Արման Պողոսյանը եւս հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրվել է, եւ կան որակի ու ծավալի բավարար կարողություններ դոռեի կամ ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար:

  • Կիսվել: